05/02/2015 16:07
Տավուշում վիրավորված զինվոր Հովհաննես Ավանեսյանին կրկին վիրահատում են
Այսօր կրկին վիրահատվում է հունվարի 23-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանագոտում հակառակորդի դիվերսիան հետ մղելիս վիավորված զինվոր Հովհաննես Ավանեսյանը:
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Զինվորի վիճակը զգալիորեն կայունացել է, սակայն կյանքին սպառնացող վտանգը դեռևս կա»,- ասաց նա:
Հոսպիտալի պետն ընդգծեց, որ զինվորի ստացած վնասվածքների պարագայում ողնաշարի վիրահատությունն այլևս հնարավոր չէր հետաձգել.
«Սպասեցինք, որ համեմատաբար կայունանա, բայց պետք էր վիրահատել»,- ասաց նա:
Արամ Ասատուրյանը չբացառեց, որ զինվորը հետագայում, հնարավոր է, հաշմանդամութան խնդիր ունենա.
«Շատ, շատ լուրջ վնասվածքներ ուներ նա: Բայց հրաշքներ էլ են լինում: Տեսնենք»,- ասաց հոսպիտալի պետը:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Հովհաննեսին վիրահատել են դեպքի օրը՝ Բերդի հոսպիտալում, որից հետո նա տեղափոխվել է Երևան: