11/02/2015 20:48
Հատուկ նախագիծ. ՎերԱՊՐԱԾներ. Միսակ Աղբալյանը` Կարինի տեղահանության մասին
Aysor.am-ը սկսում է «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը» նախագծի երրորդ շարքը: «ՎերԱՊՐԱԾները» խորագրի տակ մենք պարբերաբար կներկայացնենք 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայկական ջարդերը վերապրած մարդկանց վկայությունները: Սա շարքի առաջին վկայությունն է:
1915 թ մայիսի 1-15-ը սկսեցին տեղահանել Կարինի դաշտի և Բասենի հայությունը: Մայիսի 23-ին կառավարությունը հայտնեց 165 տուն հայերին, որ պետք է գաղթեն Մոսուլ: 165 տուն հայերը կառավարության մտադրության մասին հայտնեցին Առաջնորդարանին և ցուցակագրվեցին: Դրանցից 25-30 տուն հունիսի 3-ին վարձելով 200 ձի, Քղիի ճանապարհով անցան դեպի Խարբերդ: Այնուհետև մնացորդ 165 տները հունիսի 6-ին Բայբուրդի գծով ճանապարհվեցին դեպի Երզնկա սայլերով:
Հունիսի 8-ին Կառավարությունը նորից հայտնեց 500 տնվորի` 8 օր պայմանաժամանակով դուրս գալ քաղաքից:
Հունիսի 15-ին 500 տունը Բայբուրդի գծով անցավ Երզնկա: Հունիսի 20-ին առաջարկվեց արհեստավորներին (1250 տուն)՝ գաղթել: Ամսի 25-ին դրանք ևս Բայբուրդի գծով թողեցին Կարինը: Քաղաքում մնացին որբևայրի կանայք և որբ մանուկներ` 100 տուն, որոնց ևս հուլիսի 8-ին առաջարկվեց հեռանալ: 8 օրվա ընթացքում նրանք ևս տեղահանվեցին:
Հուլիսի 15-ին հեռացրին Երզնկա նաև Սմբատ եպիսկոպոսին: Հուլիսի 16-ին գաղթեցին հայ բժիշկները և վիրաբույժները: Քաղաքում մնացին 10 տուն արհեստավորներ: Դեկտեմբերի 2-ին քանդեցին զանգակատունը:
Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ: