18/02/2015 17:01
Հայկ Կյուրեղյանը հրաժարվել է իր պաշտպանի ծառայություններից
Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանը այսօր կրկին չէր ներկայացել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստին, թեև դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար նրան 10 ժամով նիստերին մասնակցելու իրավունքից զրկելու սանկցիայի ժամկետն արդեն ավարտվել էր։
Հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը ասաց, որ այդ պատճառով էլ Հ. Կյուրեղյանը զրկվում է իր դատավարական իրավունքներից և ցանկացած միջնորդություն անելուց:
Նա նաև ասաց, որ Հ. Կյուրեղյանը հրաժարվել է իր ծառայություններից, սակայն ինքը պնդում է, որ առանց Հ. Կյուրեղյանի դատական նիստեր չլինեն:
Չնայած դրան, դատաքննությունը սկսվեց և դատարանում հարցաքննվեցին տուժող, ոստիկանության ավագ լեյտենանտ Միքայել Այվազյանը, ով ասաց, որ պահանջում է պատժել Հ. Կյուրեղյանին:
Նրա խոսքով՝ դեպքի օրը սովորականի նման ծառայություն են իրականացրել Կենտրոնի դատարանի առջև, երբ սպիտակ «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վրա մի երիտասարդի են նկատել:
«Սկզբից չէինք մոտենում, բայց երբ զենքը նկատեցինք, անմիջապես մոտեցանք նրան։ Զենքը պահել էր վրաս, ասում էր՝ մոտ չգաս, կկրակեմ, հետո կրակեց, ականջիս շրջանում ծակոց զգացի, պարզվեց՝ փամփուշտը մտել էր ականջիս մեջ։ Ոտքը սոտ տվեց, ընկավ մեքենայի դիմացը, անմիջապես մոտեցանք և ձեռնաշղթա հագցնելով՝ տեղափոխեցինք ոստիկանության Կենտրոնի բաժին։ Մեքենայում ամբողջ ճանապարհին սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս»,-ասաց Մ. Այվազյանը։
Տուժող Քրիստինե Սարդարյանը, որի մեքենայի վրա էր դեպքի օրը բարձրացել Հայկ Կյուրեղյանը, ասաց, որ ինքը 258 դրամի չափով նյութական փոխհատուցման պահանջով քաղհայց է ներկայացրել։