23/02/2015 14:02
Ռիմա Առաքելյան. Արցախյան ազատամարտում անհայտ կորած ազատամարտիկների թիվը հասնում է 1000-ի
Արցախյան ազատամարտում անհայտ կորած ազատամարտիկների թիվը հասնում է 1000-ի: Նրանցից 94-ը, հնարավոր է, գերության մեջ են: Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ նախագահ, ՊՆ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը:
Նրա խոսքով՝ անհայտ կորած ազատամարտիկների գործով առաջընթաց չկա, քանի որ Ադրբեջանի համանման կառույցը հրաժարվում է համագործակցությունից.
«Հակառակորդն ընդհանրապես բարի կամք չի դրսևորում և այդ պատճառով մենք չենք կարողանում նրանց վերադարձնել: Հիմա էլ գերիներին, անհայտ կորածներին վերադարձնելու գործում միակ միջնորդը մնում է «Կարմիր Խաչը» »,- ասաց Ռիմա Առաքելյանը՝ նշելով, որ «Կարմիր խաչը» որոշ հարցերում խոստացել է օգնել:
Ասուլիսի մյուս բանախոս, անհայտ կորած ազատամարտիկի մայր Սամարա Գրիգորյանն էլ հույս հայտնեց, որ մի օր նրա որդին ու մյուս անհայտ կորածները կվերադառնան.
«Հուսանք մի օր պետությունը կվերադարձնի բոլոր գերրիներին, կամ գոնե նրանց աճյունները»,- ասաց Սամարա Գրիգորյանը: