23/02/2015 16:45
Ավետիսյանների հարազատները մինչև հինգշաբթի ժամանակ տվեցին Գևորգ Կոստանյանին
Այսօր Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները մինչև հինգշաբթի օրը ժամանակ են տվել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, և այդ ընթացքում նրանց չարձագանքելու դեպքում ուրբաթ օրը պատրաստ են փողոց դուրս գալ: Այս մասին այսօր Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ լրագրողներին հայտնեցին Ավետիսյանների հարազատները:
Հարցին՝ դիմում գրելու են, թե ոչ, նրանք պատասխանեցին, որ դիմում գրելու կարիք չկա, քանի որ արդեն հայտնել են իրենց պահանջը լրատվամիջոցներով:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները գնացել էին Շիրակի մարզի դատախազություն, մտել դատախազ Րաֆֆի Ասլանյանի սենյակ՝ պահանջելով հանդիպել կամ հեռախոսով խոսել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, այլապես չեն գնալու դատախազի աշխատասենյակից:
Հարազատները ասել էին, որ հրաժարվում են հեռանալ սենյակից, մինչև Գլխավոր դատախազը չգա, ինչին ի պատասխան Ր. Ասլանյանը ասել էր, որ նրանց պահանջը անիրական է, և խորհուրդ տվեց դիմում գրել Գ. Կոստանյանի անունով, որի քննարկման ժամանակ ինքը կփոխանցի նրանց հարցերը և մտահոգությունները: