23/02/2015 16:23
Ավետիսյանների հարազատները ներխուժել են Շիրակի մարզի դատախազի աշխատասենյակ
Այսօր Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները գնացել են Շիրակի մարզի դատախազություն, մտել դատախազ Րաֆֆի Ասլանյանի սենյակ՝ պահանջելով հանդիպել կամ հեռախոսով խոսել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, այլապես չեն գնալու դատախազի աշխատասենյակից:
«Գործը մեր ղեկավարման տակ չի գտնվում, առաջին օրվանից դա Քննչական կոմիտեն է քննել, այսինքն, եթե մենք գործը չենք բացում ու կարդում, չենք կարող դրանից տեղեկություն ունենալ: Մենք միայն բանավոր տեղեկություն ունենք, ձեզ պետք է պաշտոնական տեղեկություն, կա պաշտոնական մարմին, դիմեք և կստանաք նախաքննության այս փուլի համար թույլատրելի չափով ինֆորմացիա»,- ասաց Ր. Ասլանյանը:
Հարազատները, ի պատասխան ասացին, որ իրենք դիմել են և իրենց ասել են, որ այս փուլում որևէ բան չեն կարող հայտնել:
«Ես չգիտեմ՝ ինչ են ասել, բայց գործի նյութերին կողմերը կարող են ծանոթանալ նախաքննության ավարտից հետո, բայց կան փորձաքննություն նշանակելու որոշումներ, փորձագետի եզրակացություններ, որը կարող եք ստանալ մինչև նախաքննության ավարտը»,- ասաց նա:
Ներկաները, սակայն, չէին դադարում հարցեր ուղղել մարզի դատախազին, մասնավորապես, թե ինչո՞ւ Վ. Պերմյակովին հանձնեցին ռուսներին:
«Իմ տեղեկություններով, որևէ մեկը Պերմյակովին ռուսներին չի հանձնել, նրան Ռուսաստանի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն են բռնել: Գլխավոր դատախազը դիմել է, որ Պերմյակովին մեզ հանձնեն»,- ասաց նա:
«42 օր է, ոչ մի պատասխան չեն տալիս»,-ասացին հարազատները՝ նշելով, որ չեն հայտնում ՌԴ դատախազության պատասախանը ՀՀ դատախազին:
«Եթե լիներ պատասխան, կիմանային բոլորը»,-ասաց Ր. Ասլանյանը:
Հարազատները, սակայն, ասացին, որ հրաժարվում են հեռանալ սենյակից, մինչև Գլխավոր դատախազը չգա, ինչին ի պատասխան Ր. Ասլանյանը ասաց, որ նրանց պահանջը անիրական է, և խորհուրդ տվեց դիմում գրել Գ. Կոստանյանի անունով, որի քննարկման ժամանակ ինքը կփոխանցի նրանց հարցերը և մտահոգությունները:
Հարցին՝ հարազատները մտահոգված են, որ նրանց անվտանգությունը ապահովված չէ, Ր. Ասլանյանը ասաց, որ տուժողներ, վկաները կարող են դիմել վարույթ իրականացնող մարմնին պաշտպանության համար: Դրան ի պատասախան հարազատները ասացին, որ չեն վախենում, 7 հարազատ են կորցրել և եթե վախենային, երեխային իրենց հետ չէին բերի: