24/02/2015 16:49
Գագիկ Ծառուկյանը որևէ դերակատարում չի ունենա քաղաքական կյանքում. Մակեյան
Գաղտնիք չի եղել և ես էլ բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն ինքնուրույն չեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ Պետրոս Մակեյանը:
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ վերահսկողությունից, ինքնակառավարման համակարգը խախտվեց, որից տուժեց միայն նա:
«Կարծում եմ, որ Քոչարյանն էլ այս գործընթացում մասնակցություն ունի: Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վերահսկողությունից, և Սերժ Սարգսյանը, մասամբ նաև Քոչարյանը Գագիկ Ծառուկյանին դուրս բերեցին խաղից»,- ասաց Պ. Մակեյանը:
Նրա համոզմամբ՝ այս ամենը միտված էր նրան, որ խաղի դաշտը լքի ոչ թե ԲՀԿ-ն, այլ կոնկրետ Գագիկ Ծառուկյանը: «ԲՀԿ-ն հաստատ մնալու է, որին օգտագործելու են առաջիկա ընտրություններում, որպես երկրորդ քաղաքական ուժ»,- շարունակեց իր խոսքը նա՝ հստակեցնելով, սակայն, որ եթե նախկինում այդ փաթեթը գտնվում է Ռ. Քոչարյանի ձեռքում, ապա այսօր այն շատ սահուն կերպով անցավ Սերժ Սարգսյանի ձեռքը:
Ըստ նրա՝ կարևորն այստեղ քաղաքական գործընթացն է, որի արդյունքում ինչպես ոչնչացվեց քաղաքական ուժեր, այնպես էլ հետագայում կլինեն նորերը: Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա Մակեյանի խոսքով, նա այլևս որևէ դերակատարում չի ունենա քաղաքական կյանքում:
«Նախկինում նա ուներ ինչ-որ դերակատարություն, մի քիչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը դրան նպաստեց ու Գագիկ Ծառուկյանին դարձրեց լիդեր, սակայն այսօր այլևս Գագիկ Ծառուկյանը չի կարող առաջ շարժվել»,- ասաց նա: