04/03/2015 12:25
Զոհված փոխգնդապետին ու զինծառայողին զինվորական կարգով կհուղարկավորեն
Փետրվարի 28-ին ադրբեջանական դիվերսիան հետ մղելու հետևանքով զոհված փոխգնդապետ Արտակ Աղեկյանի և ժամկետային զինծառայող Հայկ Բարոյանին զինվորական կարգով կհուղարկավորեն այսօր՝ Տաշիր քաղաքի գերեզմանատանը: Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքից:
Արտակ Աղեկյանը ծնունդով Տաշիր քաղաքից է, Հայկ Բարոյանը՝ Սարչապետ համայնքից: Ցուցաբերած արիության համար նրանք պարգևատրվել են ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով:
Մարտի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնատար այլ անձինք Տաշիր քաղաքում մասնակցել են փետրվարի 28-ին ադրբեջանական դիվերսիան հետ մղելու հետևանքով զոհված փոխգնդապետ Արտակ Աղեկյանի և ժամկետային զինծառայող Հայկ Բարոյանի հոգեհանգստին:
Հոգեհանգստի կարգը կատարել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Ներկաներն իրենց ցավակցությունը և զորակցությունը հայտնել են զոհվածների հարազատներին՝ երախտագիտություն հայտնելով նրանց Հայրենիքի քաջարի պաշտպաններ դաստիարակելու համար: