09/03/2015 10:13
Հատուկ նախագիծ. ՎերԱՊՐԱԾներ. Մխիթար Տեր-Սերոբյանը՝ Իրիցուգեղի կոտորածների մասին
Aysor.am-ը ներկայացնում է «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը» նախագծի երրորդ շարքը: «ՎերԱՊՐԱԾները» խորագրի տակ մենք պարբերաբար կներկայացնենք 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայկական ջարդերը վերապրած մարդկանց վկայությունները:
Վերապրած Մխիթար Տեր-Սերոբյանի վկայությունը՝ Բայազետի գավառի Կարաքիլիսեի գավառակի Իրիցուգեղ գյուղի հայության տեղահանության և կոտորածների մասին.
«Իրիցուգեղը համաեվրոպական պատերազմից առաջ ուներ 60 տուն զուտ հայ բնակիչ: Գյուղը ուներ 1000 ոչխար, 3000 սևատավար, 40 գութան, 200 արոր, 3 ջրաղաց, 2 ձիթահան, 2 ձավարծեծ, 2 ծառնոց՝ 600 ծառով: Գյուղի եկեղեցին՝ Սուրբ Հովհաննեսը, նորաշեն էր, քահանան՝ Տեր Մեսրոպ Գասպարյանը (որ վախճանված է գաղթին): Գյուղացիներեն Մխո Նըհոյեանը ուներ հրաշալի Ավետարան, Ղուկաս Տեր Կիրակոսյանը՝ հին ձեռագիր Նարեկ: Ասոնք գյուղեն դուրս գալուն հետերնին բերին, բայց ճամբան կորսնցուցին: Գյուղի դպրոցը մեկ աչքանի էր, ուներ 40 աշակերտ և մեկ ուսուցիչ՝ 15 օսմ. լիրա պիւտճէով:
Գյուղը այժմ հիմնովին քարուքանդ եղած է, ռուս զինվորներ կապրին մեջը, տուները բոլոր քանդած և փայտերը վառած են:
Երբ Թուրքիան զորահավաք հայտարերեց, Իրիցուգեղեն զինվոր տարին 30 հոգի, որմէ 20-ը առաջին առթիվ իսկ փախան, իսկ 10 հոգին ալ բանակին մեջ ժամանակը մը ծառայելեն հետո, 9 հոգի ալ փախան, մնաց մեկը՝ Միսաք Խլղաթյանը, որու վիճակը անհայտ է: Իբրև պատերազմական տուրք՝ կառավարությունը գյուղեն վերցուց 100 խալվար ցորեն, գարի, 4 խալվար ձավար, 200 սայլ խոտ, 600 սայլ յարդ, 150 փութ յուղ, 300 զույգ չարուխ, գուլպա, ձեռնոց, 200 կտոր վերմակ, թաղիք, 300 սայլ ցան, 300 ոչխար, 250 սևատավար, 1000 հավ և այլն: Տարապարհակ աշխատանքի գյուղացիք տարվեցան 30 սայլերով, 120 եզներով:
1914 թ. նոյեմբերի վերջերը ռուսները առաջացան Ալաշկերտի մեջ: Գարաքիլիսեի հարուստ թուրքերը, զինվորականները կու գան Իրիցուգեղ և ասոր բնակիչներուն սայլերն ու եզները բառնալով՝ կը փախչին: Ռուսերը ամիս ու կես կմնան այս շրջանի մեջ և 1914 թ. դեկտեմբերի վերջերը կնահանջեն, գուղացիքն ալ միասին: Մինչև Էջմիածին՝ թե ճամբուն, թե Կովկասի մեջ գյուաղցիներեն կը մեռնի 40 տղամարդ, 8 կին, երկու երեխա, ասոնց մեծ մասը (30 հոգի) ճամբան ցրտահար կըլլան: Պատմածները համաձայն գտնելով իմ գրվածներուն, կը ստորագրեմ՝ Մխիթար Տեր Մեսրոպեան»:
Գրի առնող՝ Հայ Աճեմեան
Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ: