20/02/2015 21:27
Հատուկ նախագիծ. ՎերԱՊՐԱԾներ. Հայկանուշ Հլոյանցի վկայությունը Խնուսի կոտորածների մասին
Aysor.am-ը ներկայացնում է «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը» նախագծի երրորդ շարքը: «ՎերԱՊՐԱԾները» խորագրի տակ մենք պարբերաբար կներկայացնենք 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայկական ջարդերը վերապրած մարդկանց վկայությունները:
Հայկանուշ Հլոյեանց՝ ապաստանած Ուղուզլի գյուղում, պատմում է.
Համբարձման օրերին Կառավարությունից հրամայվեց, որ բոլոր հայերին քաղաքից հանեն և կոտորեն: Սկսվեց փախուստը: Փախուստի ժամանակ կորցրի իմ երեխաներին:
Ինձ բռնեց Օսման չավուշը, ուզեցավ գետը նետել, բայց, երբ տեսավ, որ իր համար պետքական եմ, խնայեց իմ կյանքը և իմ 6 տարեկան Համազասպ տղայիս հետ տարավ Ճապաղջուր ու մի գյուղում, իր գերդաստանի մեջ պահեց ինձ ու սկսեց բռնի կերպով կենակցել ինձ հետ:
Օսմանը ուներ մի օրինավոր թուրք կին, ևս ինձ նման հայ կին՝ Շուշո, որին տաճկացնելով, անվանում էին «Մինավար», որ նշանակում է երկնային լույս: Ինձ անվանեցին Նիկար: Այս տանը մնացի երեք ամիս: Երբ ռուսները մոտեցան, Օսմանը իր 2 կանանց և ամբողջ ընտանիքը տարավ երկրին խորքը, իսկ ինձ ու իմ տղային թողեց տնպահ, այն մտքով, որ եթե ռուսները հաղթեն ու գրավեն մեր գյուղը, ես իմ հայրենակիցներին կգտնեմ: Իսկ երբ թուրքերը հաղթեն, տունը կպաշտպանեմ՝ մինչև իրենց վերադառնալը:
Աստծո հաջողությամբ՝ ռուսները հաղթեցին ու մեզ հավաքելով, հանձնեցին բերդի շտաբին, որոնք ուղարկեցին Իգդիր: Իմ կորցրածս երեխայի անունն է Ազատ: Ամուսնուս անունը՝ Արևշատ: Նա ասկեար էր, որի մասին ոչ մի լուր չունեմ:
(Գրի առնող՝ Վարոս Սարգսյան)
Լուսանկարները՝ http://www.genocide-museum.am
Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ: