24/02/2015 21:27
Հատուկ նախագիծ. ՎերԱՊՐԱԾներ. Անդրանիկ Խչեյանի վկայությունը՝ Ալաշկերտի գավառակի հայ բնակչության կոտորածների մասին
Aysor.am-ը ներկայացնում է «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը» նախագծի երրորդ շարքը: «ՎերԱՊՐԱԾները» խորագրի տակ մենք պարբերաբար կներկայացնենք 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայկական ջարդերը վերապրած մարդկանց վկայությունները:
Անդրանիկ Խչեյան, 10 տարեկան, Ալաշկերտ գյուղից. «Ունեցել ենք հարուստ տուն, մայրս, հորեղբայրներս սպանվել են գյուղի կոտորածների ժամանակ: Ես ազատվեցի և գաղթեցի Էջմիածին: Այնտեղից տեղափոխված Թիֆլիս՝ հայ ծխական համայնքների որբանոց:
Դեպքերի մանրամասնությունը չեմ հիշում: Զորաշարժի, հայ զինվորներ տանելու և ուրիշ եղելությունների մասին ոչինչ չգիտեմ:
Ձմռան սկզբին (1914 թ.) զիտկանցի և մոլլաօսմանցի հայերը փախան դեպի մեր գյուղ: Ախոռկայ Մուսա աղան, չամեանցի Ավդըլ Մաչիդ և մեր գյուղացի չեխ Օսմանն իրենց քրդերով գնացին քրդերի առաջ և զենքերը առին՝ խաբելով ու վախեցնելով: Չորս-հինգ հոգի զենքերը չտվեցին: Մոլլաօսմանի ճամփու վրա՝ Խանըմի աղբրի մոտ կռիվ սկսվեց, մի քուրդ սպանվեց և մերոնք փախան սարեր, հետո լսեցինք, որ սառեցին, մնացին այնտեղ:
Քրդերը` մնացածների շուրջը բռնած, բերին մեր գյուղ: Գիշերանց քրդերը մտան տները և տղամարդկանց դուրս հանեցին՝ սպանելու: Հրացան սկսեցին արձակել չորս կողմից: Բոլորը թափվեցին դուրս: Քրդերը ամեն կողմից պաշարված էին. Մյուս գյուղերից եկած էին և բոլոր ճանապարհները փակած:
Կին-երեխաներին բռնեցին, փակեցին տների մեջ, իսկ տղամարդերին կոտորեցին: Կոտորեցին նաև մեր գյուղացի (ալաշկերտցի) բոլոր կին-երեխաներին, որ ձեռ ընկան, բայց ոչ զիտկանցի կամ մոլլաօսմանցի կին-երեխաներին: Ես իմ երկու եղբայրների հետ մեր քրդի տունը փախա: Մեզ պահեցին: Իսկ մայրս, հայրս և մեր բոլոր բարեկամները սպանվեցին: Մեկ ամիս մնացինք: Ամեն օր քրդերը տները կնայեին և բոլոր գտած հայերին կսպանեին: Հետո ռուսը եկավ, բռնեց Ախոռկա չարագործ ամիրաներ, երկու հոտ ոչխար ստացավ և բաց թողեց: Իսկ մենք ազատվողների հետ անցանք Էջմիածին, այնտեղ ինձ որբ գրեցին և բերին Թիֆլիս»:
Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ: