24/03/2015 12:55
Փաստաբան. Արշավիր Խալափյանի գործով մեղադրանքը հիմնավորված չէ, նրա նկատմամբ հետապնդում է եղել
Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ Արշավիր Խալափյանի գործունեության հետ կապված նրա հանդեպ սկսվել էին հետապնդումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փաստաբաների պալատի փաստաբաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Մեժլումյանը:
Հիշեցնենք, որ Արշավիր Խալափյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի (Առևտրային կաշառքը) հատկանիշներով: Անցյալ տարի օգոստոսի 5-ին դատարանը բավարարել է նրա կալանքի միջնորդությունը, միաժամանակ կիրառելով գրավ՝ 1.000.000 դրամի չափով:
Ըստ մեղադրանքի՝ Արշավիր Խալափյանը 07-04-2014թ նախ որպես Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի 17 շենքի բնակիչ գրավոր դիմել է Կապանի քաղաքապետարան` Աշոտ Կույումջյանի կողմից նշված հասցեին հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, իսկ 18-04-2014թ-ին որպես ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մազային մասնաճյուղի նախագահ և Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, դարձյալ նույն նպատակով` հերթական դիմումն է ներկայացրել քաղաքապետարան, որից հետո 2014թ-ի մայիսի 1-ին վերոհիշյալ հյուրանոցային համալիրի թիվ 210 սենյակում հանդիպել է Ա. Կույումջյանին ու իր կողմից ներկայացված դիմումների ընացքի վերաբերյալ գործողություններ չկատարելու, այն է հետևողականություն չցուցաբերելու, նոր դիմումներիի չներկայացնելու, ավելի խիստ վարչական պատասխանատվության ենթարկվելու համար խնդիրներ չառաջացնելու, դարձյալ հանդես գալով որպես փաստաբան և հիշյալ կառուցների մարզային ներկայացուցիչ` Աշոտ Կույումջյանից որպես կաշառք ապօրինի պահանջել է 1500 ԱՄՆ դոլլար:
Կ. Մեժլումյանի խոսքով՝ Ա. Խալափյանը փաստաբանական գործունեություն է ծավալում Կապան քաղաքում և նա բազմաթիվ գործեր է ունեցել համայնքային մարմինների և խոշոր առևտրային կազմակերպությունների դեմ:
Կ. Մեժլումյանը ասաց, որ կոնկրետ այս դրվագով նրա արարքում առևտրային կաշառք հանցակազմ չկա, իսկ նա պաշտպանել է միայն իր անձնական իրավունքը, ոչ թե որպես փաստաբան:
«Մեղադրվում է, որ այն շենքի մոտ, որտեղ ինքը բնակվում է, ցանկացել են ավտոտնակ կառուցել: Նա հարցում է ուղարկել քաղաքապետարան՝ պարզելու, որքանով է օրինական, թույլտվություն կա, թե ոչ: Ներկայացել է որպես այդ շենքի բնակիչ: Այնուհետև իբր Խալափյանը հանդիպել է այդ քաղաքացու հետ և գումար է պահանջել և այդ արարքը դիտարկում են որպես առևտրային կաշառք»,- ասաց Կ. Մեժլումյանը:
Ասուլիսին ներկա ՀՀ փաստաբաների պալատի փաստաբաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմինե Ֆանյանն էլ նշեց, որ նա, լինելով այդ շենքի բնակիչ, դիմել է իր շահերը պաշտպանելու համար, և այս դեպքում փաստաբան-վստահորդ հարաբերությունները բացակայում են:
Բացի այդ, Ա. Խալափյանը նաև մեղադրվում է այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, ստանձնելով Սյունիքի մարզի, Սյունիք համայնքի բնակիչներ Հ. Մարգարյանի ու Է. Կարապետյանի շահերի պաշտպանությունը, վերջիններիս ենթադրյալ իրավունքների խախտման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին` համայնքի «Հին գերեզմաններ» կոչվող վայրում համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի գերեզմանատեղեր ապօրինի հատկացնելու վերաբերյալ, որի հիման վրա հարուցվել է 41101714 քր գործը: Այնուհետև նշված քր. գործի նախաքննության ընթացքում` 2014թ-ի մարտին, Կապանի «Դարիստ» հյուրանոցային համալիրում հանդիպել է Ս.Սարգսյանի որդուն` Սարմեն Սարգսյանին և ի վնաս նրա հոր գործողություններ չկատարելու` նոր բողոքներ չներկայացնելու, ինչպես նաև իր վստահորդներին մոլորության մեջ գցելու եղանակով, նախկինում ներկայացված դիմումների ելքերով վերջիններիս կողմից չհետաքրքրվելու պայմանով, Սարմեն Սարգսյանից ապօրինի պահանջել է 10.000 ԱՄՆ դոլլար::
Մեղադրանքի այս դրվագի վերաբերյալ, ինչպես ասաց Կ. Մեժլումայնը, այս մեղադրանքն արհեստական է և չի տեղավորվում որևէ իրավաբանական պատկերացումների, գնահատականների մեջ, այլ «այն հիմնված է միայն շահագրգիռ կողմի ցուցմունքի վրա, ով ասել է, թե փաստաբանն իրենից գումար է պահանջել, որպեսզի նպաստի գործով վարույթի կարճմանը»:
Ըստ Ա. Ֆանյանի՝ փաստաբանն օբյեկտիվորեն չէր կարող նպաստել գործի կարճմանը, և բացի այդ, հենց Ա. Խալափյանի դիմումի հիման վրա է հարուցվել քրեական գործ այդ դեպքի առթիվ, և «այդ մեղադրանքով ցանկանում են արհեստականորեն ամրապնդեն առաջին դրվագով մեղադրանքը, քանի որ որևէ հիմնավորում չկա»: