27/03/2015 18:45
«Ժառանգությունը» համաժողով է հրավիրել
«Ժառանգություն» կուսակցությունը ապրիլի 2-ին համաժողով է կազմակերպում, որի ընթացքում քննարկվելու են Հայոց ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հետևանքների վերացման (տարածքային, նյութական, բարոյական վնասների հատուցման) թեմաները:
Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բանախոսները կանդրադառնան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված հայկական տարածքներում Հայոց պետականության վերականգնման, ինչպես նաև Մեծ եղեռնի ու Հայրենազրկման հետևանքների վերացման խնդիրներին:
Համաժողովին հրավիրված են ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, փորձագետներ, Հայաստանում գործող տարբեր երկրների դեսպանատների եւ միջազգային կառույցների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: