04/04/2015 12:02
«Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». Ցեղասպանության շարքային իրականացնողները՝ երեխաներ և կանայք
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Aysor.am-ը ներկայացնում է հատուկ նախագիծ, որի շրջանակներում կանդրադառնանք այս օրերին իրականացվող մշակութային, գիտական, հասարակական նախագծերին:
Այսօր զրուցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Հասմիկ Գրիգորյանի հետ, ով «Հայոց ցեղասպանության «շարքային» իրականացնողները. Երեխաների և կանանց գործառությաին առանձնահատկությունները» հոդվածի հեղինակն է:
-Հասմիկ, Ցեղասպանության մասին բազմաթիվ ուսումնասիրություններ կան, բայց ձեր ընտրած թեման բավականին առանձնահատուկ էր: Ինչու՞ որոշեցիք անդրադառնալ Ցեղասպանության հենց շարքային իրագործողներին, մասնավորապես` երեխաներին:
-Նախ և առաջ ցանկանում եմ նշել, որ Ցեղասապնության 100-րդ տարելիցին ընդառաջ և Թուրքիայի կողմից շարունակական ժխտողական քաղաքականության պարագայում միանգամայն արդիական է Ցեղասպանության իրագործմանը մուսուլման հասարակության տարբեր շերտերի մասնակցության ուսումնասիրությունը: Մասնագիտությամբ ես մշակութաբան եմ, ինչը նաև թելադրել է, որ թեմայի վերաբերյալ ոչ միայն պատմագիտական մոտեցում ցուցաբերեմ:
Այս ուսումնասիրության միտքը ծագել է այսպես` թուրքական ժխտողականության հիմնաքարերից մեկն այն է, որ Հայոց Ցեղասպանությունն իրագործել է Օսմանյան կայսրության իշխանությունը և Թուրքիայի Հանրապետությունը չի հանդիսանում վերջինիս իրավահաջորդը: Այս կոնտեքստում տեղի ունեցածի մեղքը հիմանականում փորձում են բարդել օսմանյան իշխանությունների` ռազմական և ռազմականացված կառույցների վրա: Այդ իսկ պատճառով ցանկացանք ցույց տալ, որ իրականում իրենց մասնակցությունն են ունեցել հասարակության բոլոր շերտերը: Ճիշտ է, ցեղասպանության «շարքային» իրագործողների մասին կան անդրադարձներ պատմագրության մեջ և բանավոր զրույցներում, սակայն չկա որևէ համապարփակ գիտական աշխատնք այս ուղղությամբ:
-Ձեր հոդվածի համար ի՞նչ աղբյուրներից եք օգտվել:
-Քանի որ բախտ ունեմ աշխատելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում դեռևս ուսանողական տարիներից, պետք է ասեմ, որ մեր ինստիտուտի գրադարանը և ախիվը շատ հարուստ են` թե՛ Ցեղասպանությունը վերապրածների տպագրված հուշերով, թե՛ ձեռագիր հուշագրություններով: Բնականաբար, սկսել եմ այդտեղից:
Բացի այդ օգտվել եմ բանասեր Վերժինե Սվազլյանի հավաքագրած հուշագրություններից, ինչպես նաև վերջերս Հայասատանի ազգային արխիվի տպագրած եռահատորյակից: Այն կարևոր է, քանի որ դրանում տեղ գտած հուշերը հավաքագրվել են 1916, 1917 թվականներին և դրանք, այսպես ասած, թարմ են` մարդիկ մանրամասն ներկայացնում են իրողութունը:
-Հոդվածում անդրադարձ կա նաև Ցեղասպանության շարքային իրագործողների, մասնավորապես` երեխաների արարքների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների արձագանքին: Ի՞նչպես են այդ կազմակերպությունները որակում ցեղասպանությունն իրագործող երեխաների արարքները:
-Ընդհանրապես միջազգային քրեական իրավունքի համաձայն` Ցեղասապնությանը, պատերազմներին կամ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններին մասնակից երեխաները քրեական հանցագործ չեն համարվում: Իսկ հայտնի է, որ երեխաներ են համարվում մինչև 18 տարեկան անձիք: Սակայն պետք է նշել, որ Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությանը մասնակից նույնիսկ 14 տարեկան երախաները, թվով մոտ 5000 երեխա, ձերբակալվել են: Սա UNICEF-ի 2002թ.-ի տվյալներն են ու այդ պահի դրությամբ դեռևս 4000 երեխա բանտարկված էր այդ մեղադրանքով: Ընդհանուր առմամբ միջազգային քրեական իրավունքն փորձում է երախաներին, այնուամենայնիվ, դիտարկել զոհի կարգավիճակում` պետության կողմից այդ հանցագործություններին ստիպողաբար ներգրավվելու տեսանկյունից: Որպես հանցագործ այս երախաներն այդպես էլ չեն դիտարկվում:
Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության համատեքստում երեաներին որպես ոճրագործ դիտարելիս, ես առանձնացրել եմ մի քանի խմբեր: Պետք է նշեմ, որ հիմնականում երեխաների մասնակցությունը կազմակերպված չէր պետականորեն, բայց դեռևս Համիդյան կոտորածների շրջանից` 1894-1896 թվականներից, շատ դեպքերում երեխաները ևս զինվում էին և դա ինչ-որ կերպ կարող ենք ասել, որ վերահսկվում էր պետության կողմից: Իսկ բուն Հայոց ցեղասապնության ժամանակ երեխաներին զինելու դեպք չեմ հանդիպել: Մասնակցելով կոտորածներին`իերնք, որպես կանոն, պարզապես հետևում էին իրենց ծնողների օրինակին: Այսպես էր` տղամարդիկ գնում էին կոտորելու, սպանություններ անելու, կողոպտելու, իսկ կանայք գնում էին այդ գողոնը վերցնելու և ընթացքում նաև մասնակցում էին սպանությունների, թաքնված հայերի տեղերն էին բացահայտում ու այս ամենի մասնակիցը դարձնում էին նաև երեխաներին: Հետաքրքիր է, որ կար նաև միջխմաբյին բախում` հայ և մուսուլման երեխաների միջև: Հայտնի է, որ շատ հայ երեխաների մուսուլման ընտանիքները վերցնում էին իրենց մոտ` որպես աշխատուժ, ստրկական վիճակում պահելու համար և երբ հայ երեխաներն օրինակ տանում էին իրենց վերցրած ընտանիքի անասուններն արածացնելու` այդ ժամանակ ևս հայ և թուրք, քուրդ երեխաների միջև բախումներ էին լինում: Իմ հոդվածում էլ մի հետաքրքիր դրվագ կա, երբ հայ և թուրք երեխաները պատահաբար մարդկային ոսկորների են հանդիպում ու թուրք երախաները դիմելով հայ երեխաներին ասում են` ահա ձեր «գյավուրների» ոսկորները:
-Եթե մեծերի դեպքում այդ կոնֆլիկտն ու թշնամանքը սերմանելը, կարծես թե, համեմատաբար ավելի հեշտ է` ասենք ազգայնականության հողի վրա` պնդելով, որ հայերը դավաճան են ու ապստամբություն են պատրաստում, ապա, հետաքրքիր է`երեխաների դեպքում ինչպե՞ս է սերմանվում այդ թշնամանքը: Ինչպե՞ս են թշնամանում, կարելի է ասել, միասին մեծացած երեխաները:
-Թշնամանքն առաջին հերթին խորանում է` նմանակելով ընտանիքին:Երեխան դեռևս չի կարող գիտակցել պետական գաղափարախոսությունը, չի կարող գիտակցել միջէթնիկ բախումներն ու հիմնականում ցեղասապնությանը մասնակից երեխաները, ինչպես ասացի, պարզապես ընդօրինակում էին իրենց ծնողների վարքը`ընդունելով այն որպես գերագույն ճշմարտություն:
-Ձեր հոդվածում հետաքրքիր միտք կարդացի` նշել եք, որ Ցեղասպանության իրագործման համար բավարար չէ միայն պետական մակարդակով աշխատելը: Ցեղասպանությունը կարող է ավելի արդյունավետ իրագործվել հասարակության բոլոր շերտերի մասնակցությամբ: Չեք կարծու՞մ, որ մեզ համար շահեկան է ավելի հաճախ աշխարհին ներկայացնել, ցույց տալ Ցեղասպանության հենց այս` շարքային իրագործողներին:
-Իրավաբան չեմ, բայց որպես քաղաքացի կարծում եմ, որ իրականում ապացուցելու հարց չունենք: Աշխարհը գիտի, որ տեղի ունեցածը հենց Ցեղասապնություն է, սակայն այլ հարց է, որ Թուրքիայի հանրապետությունը դա չի ընդունում: Ապացույցները շատ են` կան այդ տարիներին Օսմանյան կայսրությունում աշխատող բազմաթիվ միսիոներների վկայություններ, քաղաքական գործիչների նամակներ, զեկուցումներ, հուշագրություններ: Այլ հարց է արմատացած ժխտողականությունը:
-Եվ, ինչպես դուք ասացիք, որպես քաղաքացի... Ձեր ուսումնասիրությունից ու գիտական աշխատանքից այնկողմ` ի՞նչ քաղաքացիական դիրքորոշում ունեք: Ցեղասպանության 100-րդ տարելիցն ընդառաջ ի՞նչ քայլեր եք ակնկալում մեր պետությունից ու նաև հարևանից` Թուրքիայից:
-Որպես հայ և Հայաստանի Հանրապետության քաղաքացի` կարծում եմ շատ միամիտ է հիմա ճանաչում սպասել Թուրքիայի Հանրապետությունից: Բայց ավելի շատ կցանկանայի, որպեսզի ինֆորմացիոն սլաքն ուղղվեր դեպի մեր ներքին հասարակություն և հատկապես դեպի մեր երիտասարդ սերունդը: Վերջապես պետք է լիովին դուրս գանք զոհի կարգավիճակից: Խորհրդային Միության պարտադրած զոհի կարգավիճակը կարծես թե հաղթահարվել էր 60-ական թվականներին: Չնայած 100-րդ տարելիցի հետ կապված կրկին տեղեկատվական աշխուժացում է նկատվում, այնուամենայնիվ, ցավոք, Ցեղասպանությունն ամենից հաճախ ասոցացվում է միայն Ծիծեռնակաբերդի և ապրիլի 24-ի հետ: Ավելին` ցեղասպանության իրագոծման մեխանիզմների, պատճառների վերաբերյալ, հասարակության լայն շերտը տեղյակ չէ: Հաճախ շրջանառվում է նաև այն միտքը, որ ահա մենք չենք պաշտպանվել ու գլուխներս կախ կոտորվել ենք: Ուզում եմ ասել` այդպես չի եղել: Բոլոր այն շրջաններում, որտեղ տղամարդիկ կարողացել են ինչ-որ կերպ դիմադրել` իրենք դիմադրել են. Թեկուզ մեկ օր, մեկ ժամ: Գաղթի ճանապարհին դիմադրել են անգամ կանայք:
Պետք է հասկանանք, որ մենք պարզապես գլուխներս կախ զոհ չենք եղել: Երբ ասացի մեխանիզմների մասին... Ամեն բան պետականորեն ծրագրված էր` նախ տեղի ունեցավ տղամարդկանց զորահավաք, ապա զանգվածային բանտարկություններ, զինաթափում, տներից հավաքվում էին նույնիսկ դանակները… Այսքանից հետո նոր տեղի ունեցավ հիմնականում կանանց ու երեխաների տարհանում:
Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ: