23/04/2015 13:43
Յուսուֆ Ալաթաշ. Թուրքիան պետք է քայլ անի առանց որևէ նախապայմանի
Թուրքիայի իշխանությունները պետք է պաշտոնական ներողություն խնդրեն: Այս մասին այսօր «Ցեղասպանության հետևանքներն ու Թուրքիայի պարտավորությունները՝ հայ և թուրք իրավապաշտպանների տեսանկյունից» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի /FIDH/ նախագահի տեղակալ և Թուրքիայում գործող Human Rights Association-ի գործադիր խորհրդի անդամ Յուսուֆ Ալաթաշը:
Նա ասաց, որ խոնարհվում է Ցեղասպանության ժամանակ զոհվածների առջև և կարծում է, որ այս առումով Թուրքիան պետք է քայլ անի առանց որևէ նախապայմանի:
Յ. Ալաթաշը նշեց, որ ցեղասպանության խնդիրը ամբողջական խնդիր է մարդու իրավունքների, քաղաքական, և իրավական տեսանկյունից, և Թուրքիան պետք է ուղիներ գտնի, որ խնդիրը համերաշխությամբ լուծվի և դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծի:
Հարցին՝ ինչո՞ւ չեն խոսքում փոխհատուցումների մասին, իրավապաշտպանը ասաց, որ ինքը դրան դեմ չէ, բայց այդ հարցերը ինքը չի լուծում:
Յ. Ալաթաշը ասաց, որ Հռոմի Պապի հայտարարությունից հետո Թուրքիայում սկսեցին ճնշումներ գործադրել հայերի վրա, աշխատանքից ազատել նրանց, և Թուրքիան այս առումով դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, և պատրաստ է դա անելու:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանի խոսքով՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան ընդունել է հռչակագիր, որտեղ խոսվում է ժխտողական քաղաքականության բացասական հետևանքների մասին և կոչ անում Թուրքիային ընդունել ու դատապարտել Ցեղասպանությունը, ինչպես նաև բացել սահմանը, ինչը մեծ ու էական անդրադարձ կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: