05/05/2015 17:53
Կառավարության կողմից ներկայացրած նոր օրենքը դուր չի եկել ընդդիմադիրներին
ԱԺ-ում շարունակվում է քննարկվել «Եկամտահարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացվել է Կառավարության կողմից:
Քննարկման ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը վստահեցրեց, որ եթե, ինչպես ինքը բնութագրեց՝ այս ամոթալի օրենքն ընդունվի, մարդիկ կհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից: «Իսկ դուք տեղյա՞կ եք, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ գնում են աշխատելու ՌԴ-ում և որևէ տեղ չեն գրանցվում: Դաշտն ուսումնասիրե՞լ եք, վերլուծություն արե՞լ եք: Օրինակ, եթե մարդը Չելյաբինսկում է աշխատում, ո՞նց եք վերահսկելու նրան: Եվ ինչի՞ եք անպայման ուզում շինարարության ոլորտի աշխատողներից հարկ գանձել, որովհետեւ մեծ մասը շինարարության համա՞ր է գնում: Իսկ եթե մեկը բժիշկ է աշխատում արտերկրում, ինչի՞ միջազգային կազմակերպություններում աշխատող ՀՀ քաղաքացիներից հարկ չեք գանձում: Վատ արձագանք է ստանալու այս օրենքը, ասեմ: Եթե այն ընդունվի, շատերը կհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, և ընդհանրապես՝ որևէ տոկոս ՀՀ բյուջե չի մտնի»,- ասաց Բաբայանը:
ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն էլ պատասխանելով պարզաբանեց, որ ոչ թե լրացուցիչ օգուտներ են ուզում ստանալ, այլ օգուտների տեղաբաշխման խնդիր են կարգավորում. «Այն օգուտը, որը ստանում են օտարերկրյա պետությունները, մենք այդ օգուտն ուզում ենք տեղափոխել Հայաստան, որևէ վատ բան այստեղ չկա: Ինչ վերաբերում է որևէ տեղ չգրանցված աշխատողների վերահսկողությանը, բնականաբար, նա չի կարող վերահսկողության տակ լինել»:
ՀԱԿ խմբակցության պատգամավորները ևս իրենց հերթին դժգոհություններ հայտնեցին նոր օրենքի առնչությամբ: Նրանք, հիմնականում, դժգոհում են, որ կառավարությունը վերջին պահին նոր օրինագծեր է խցկել օրակարգ, իսկ պատգամավորները չեն հասցրել դրանց ծանոթանալ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դժգոհեց ոչ թե օրենքի բովանդակությունից, այլ կառավարության գործելաոճից.
«Այն, ինչ դուք անում եք, անարգանք է ԱԺ-ի նկատմամբ»,- հայտարարեց նա՝ վստահեցնելով, թե կառավարության ներկայացրած նախագծերի մեջ այդ օրինագիծը չի եղել. «Դուք հետին թվով եք այն մտցրել օրակարգի մեջ: Սա խարդախություն է, կամ դուք պրոֆեսիոնալ չեք: Օրակարգում ձեր որոշումը չի հրապարակվել, ինչը նշանակում է, որ որևէ լուրջ մարդ չի պատրաստվել ձեր օրենքի քննարկմանը: ՀԱԿ-ը նախապես ուսումնասիրում է բոլոր նախագծերը տնտեսագիտական իր խմբի կողմից, որից հետո տալիս գնահատականը: Մենք այս օրենքը նոր ենք տեսնում: Դուք ԱԺ-ի մասին էլի մտածում եք որպես մի դակիչ մարմին, որտեղ կարող եք վերջին րոպեին բերել, խցկել օրենքը՝ ստանալու ձեզ համար ցանկալի արդյունքը: Սա ի՞նչ է, ե՞րբ եք դուք սովորելու վերջապես սովորական դեմոկրատական մշակույթ, հարգել մարդկանց, որ մենք էլ կարողանանք այս ամենը լուրջ քննարկել: Հնարավոր չի՞ ոչ թե ափալ-թափալ, վերջին պահին խարդախությամբ կամ խցկելով ինչ-որ բաներ ետին թվով բերել, ե՞րբ է հնարավոր լինելու կազմակերպել այս ամեն ինչը դեմոկրատական ձեւով»,- հայտարարեց պատգամավորը, որին հաջորդեց իր գործընկերոջ՝ Արամ Մանուկյանի խոսքը. «Կառավարության ներկայացրած օրակարգում 3 օրենք է մտցվել, որը մի քանի օր առաջ չի եղել: Սա նշանակում է, որ կառավարությունը կամ Գալուստ Սահակյանը խախտել են օրենքը»,- հայտարարեց նա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց՝ նշելով, որ դա զուտ անհատական տեսակետ է: Ինչպես միշտ նա հորդորեց պատգամավորներին կոռեկտության սահմաններում արտահայտվել: «Այդպես՝ դաս տալու տոնով, չի կարելի վարկաբեկել: Եթե այդքան մտահոգ եք, ցանկացած պատգամավոր իրավունք ունի կառավարության նիստերին մասնակցելու: Օրինակ՝ ես. եթե զեկուցողի տեղը լինեմ, չեմ էլ պատասխանի, էդ ի՞նչ հարց է»,- դժգոհեց Սահակյանը:
Խոսակցությանը միջամտեց նաև ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով արձագանքելով Արամ Մանուկյանին՝ պարզաբանեց, թե այն ցուցակը, որի մասին նա քիչ առաջ նշեց, կառավարության կողմից ներկայացված նախնական տարբերակն է եղել:
«Կառավարության նիստի ժամանակ ավելացել են նախագծեր»,- պատճառաբանեց պատգամավորը, որին ի պատասխան Արամ Մանուկյանը շարունակեց, հակադարձելով, որ կառավարության նիստը եղել է հինգշաբթի օրը, մինչդեռ այդ օրը չի եղել օրակարգում փոփոխություն. «Պարզ հնարք է սա: Հրատապ են մտցրել, որ չհասցնենք քննարկել: 5 օրվա մեջ կառավարության կայքում սա չի դրվել և ոչ մեկը խորհրդարանից տեղյակ չի եղել այս օրենքի մասին»: