11/05/2015 20:17
Ոչ միայն ծնունդով եմ ջավախքցի, այլև՝ հոգով ու սրտով. Մավր Մկրտչյան
Ժողովրդական երգն ու երաժշտությունը մեր ակունքներից է գալիս, գեների երաժշտական թելադրանք է: Սակայն երիտասարդները հաճախ այնքան էլ ոգեշնչված ու ոգևորված չեն նրանով, քանզի ֆինանսական տեսանկյունից ժողովրդական երգն անբարենպաստ դիրքերում է: Aysor.am-ն այսօր հյուրընկալել է ժողովրդական երգերի կատարող Մավր Մկրտչյանին, ով խոստացավ շուտով ներկայանալ այլ երգացանկով, սակայն` չշեղվելով արմատներից:
-Ի՞նչ նորություններ եք պատրաստում Ձեր հանդիսատեսի համար:
-Այսօր իմ մոտ բավականին ակտիվ է համերգային գործունեությունը։ Անցած և այս տարիներին ունեցա բավականին շատ համերգներ և́ Հայաստանում, և́ Հայաստանից դուրս։ Բոլորովին վերջերս տեղի ունեցավ իմ երկրորդ տեսահոլովակի՝ «Դլե յամանի» պրեմիերան։ Հիմա աշխատում եմ նոր երգերի վրա,ուզում եմ աշնանից իմ հանդիսատեսին ներկայանալ մի փոքր նոր ոճով,նոր երգացանկով:
-Եվ ի՞նչ փոփոխությունների սպասենք:
- Այս պահին չեմ կարող հստակ ասել ինչ, բայց, կարծում եմ, կլինի մի բան, որն անսպասելի է լինելու։
-Մավր, դժվար չէ՞ երիտասարդ տարիքում հետևել հայկական ժողովրդական երգարվեստին, պահպանել այն: Չէ՞ որ երգիչների մեծամասնությունն այսօր նախընտրում է գումար բերող, թեթև երաժշտություն:
-Իսկ ո՞վ ասեց, որ նույն ժողովրդական երգերով չի կարելի փող աշխատել։Դժվարություններն ամենուր են, բայց դրանք հաղթահարելն էլ նպատակի և պատվի հարց է։
-Արդյոք համագործակցում եք հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Կա՞ մեկը, ում հետ կցանկանայիք զուգերգով հանդես գալ:
-Այո, համագործակցում եմ, վերջերս իմ տաղանդավոր կոլեգաներից մի քանիսի հետ ունեցանք բավականին շատ համերգներ Հայաստանում, Ջավախքում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Իսկ զուգերգի համար չկա մեկը, բայց կան շատերը, ում հետ մեծ սիրով կերգեմ։
-Ձեր բնագավառում որքան էլ շատ են հաջողությունները, կրկնապատիկ ավելի են հիասթափությունները: Արդեն իսկ ապրե՞լ եք նման պահեր:
-Հիասթափություններ շատ եմ ապրել, բայց դրանք ինձ օգնել են ավելի շատ պայքարելու հաջողություններիս համար։
-Եվ ի՞նչ բնույթի հիասթափություններ են եղե՞լ, ինչի՞ց եք առավել հիասթափվում:
-Հիմա արդեն ոչինչ չի հիասթափեցնում:
-Այսօր ժողովրդական երգեր կատարող երգիչները նույնպես ռեստորանային գործունեություն են ծավալում: Ինքներդ որևէ վայրում երգո՞ւմ եք: Ընդունո՞ւմ եք կոմերցիոն միջոցառումների, հարսանիքների հրավերներ:
- Որևէ ռեստորանում չեմ երգում, աշխատում եմ Հայաստանի պետական կամերային երգչախմբում: Բայց կոմերցիոն միջոցառումներին, ինչու ոչ, նաև հարսանիքներին` երգում եմ: Երգում եմ նաև ժողովրդական երգը տվյալ միջավայրում պրոպագանդելու համար։
-Իսկ ժողովրդական երգը ֆինանսական ապահովվածություն երաշխավորո՞ւմ է:
- Ոչ մի երգ էլ չի կարող ֆինանսական ապահովություն երաշխավորել։
-Բայց շատերն իրենց երգացանկը համալրում են էստրադային, 6/8 ձևաչափի երգերով՝ գումար աշխատելու հեռանկարով: Մտածո՞ւմ եք այդ ուղղությամբ:
-Հետաքրքիր է, մեր հասարակությունը վերջերս 6\8 չափը ընկալում է միայն ռաբիս, հարսանեկան և գումար վաստակող ձևաչափի մեջ:
Եթե այդ տրամաբանությամբ վերցնենք՝ ոչ, իսկ ընդհանուր առմամբ՝ իհարկե կերգեմ։
-Շոու-բիզնեսը նման է մեծ ճահճի. եթե մի քիչ թույլ եղար, կուլ կգնաս: Ինչի՞ կամ ո՞ւմ շնորհիվ եք կարողանում «կուլ չգնալ»:
- Հիմա կյանքը բոլոր ասպարեզներում է բարդացել և կուլ գնալու խնդիրն ամենուրեք է։ Իսկ այդ հարցում ինձ օգնում է իմ նպատակը, կամքի ուժն ու իմ կողքին կանգնած մտերիմ մարդիկ։
-Եթե չեմ սխալվում, ծնունդով Ջավախքից եք: Ո՞ւմ հետ եք ապրում Երևանում:
-Այո, ոչ միայն ծնունդով, այլ նաև հոգով ու սրտով եմ Ջավախքից: Երևանում ապրում եմ եղբորս ընտանիքի հետ։
-Վերջերս որոշ օգտատերերի կողմից քննադատվեց Ձեր նոր՝ «Դլե յաման» տեսահոլովակը: Ընդգծվեց, որ այն մասսոնական ուղղվածություն ունի: Ինչպե՞ս կարձագանքեք այդ նկատառմանը:
-Ես սիրում եմ, երբ իմ աշխատանքը արժանանում է քննադատության, տարբեր կարծիքների բախման: Շատ դրական եմ նայում այդ երևույթին: Բայց այս դեպքը պարզապես տրամաբանության սահմաններում չտեղավորվող անհեթեթություն է։ Տեսահոլովակն ինքնին բարդ է, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մի բան նրա մեջ չհասկանալով կամ նշանակությունը չիմանալով` այն կարելի է վերագրել մասոնության կամ ուրիշ նման բաների։ Ես ինչ որ առումով ռիսկային բան եմ արել. մեր ազգայինը փորձել եմ տեղավորել համամարդկային արժեքների մեջ` ցույց տալով, որ մենք մեր մշակույթով, պատմությամբ մեր մեծ ներդրումն ունենք այդ արժեքների ձևավորման մեջ: «Դլե Յամանը» հենց ա´յն երգն է, որ բացի ցեղասպանության սիմվոլից, կարող է համամարդկային արժեք կրել իր վրա։
-Ջավախքի հայերը բավական հավատքով մարդիկ են: Ինչպե՞ս եք վերաբերում կրոնին:
- Այո, մերոնք շատ հավատքով մարդիկ են, բայց այդ հարցում ես ունեմ իմ սեփական ընկալումը։
-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Իմ ընտանիքի մասին ասելու և́ շատ բան ունեմ, և́ քիչ. ծնողներս ապրում են գյուղում, որտեղ և ես ծնվել, մեծացել եմ: Մենք 4 եղբայր ենք: Եղբայրներս զբաղվում են տարբեր գործունեությամբ:
-Շատ երիտասարդ աղջիկներ ինձ «չեն ների», եթե չհարցնեմ՝ սիրահարվա՞ծ եք:
-Այո, բավականին ժամանակ է արդեն։
-Նա՞ ինչ մասնագիտություն ունի:
-Երգչուհի է:
-Չե՞ք մտածում ամուսնության, ընտանիք կազմելու մասին:
-Այս պահին` ոչ:
-Սիրահարված ժամանակ Ձեր երգացանկից ո՞ր երգն է անցնում Ձեր մտքով:
- Անգամ չսիրահարված ժամանակ էլ է այդ երգն անցնում իմ մտքով՝ «Հե՜յ,հոգի´ ջան»:
-Նրա համար հաճա՞խ եք երգում:
-Այնքան էլ չէ, ավելի շատ ինքն է երգում ինձ համար (ժպտում է):
-Երգիչները ոչ միշտ են պատրաստ կին ընտրել իրենց ասպարեզից:
-Իմ համար մարդուն ընդունելու և ընկալելու համար ասպարեզը ոչ մի նշանակություն չունի։
-Խանդո՞տ եք…
- Շա՜աատ…
-Հնարավո՞ր է, նրան արգելեք զբաղվել բեմական գործունեությամբ:
-Կարծում եմ` չեմ արգելի: Բոլորն էլ իրավունք ունեն զբաղվելու այն բանով, անելու այն, ինչը սիրում են:
-Ձեր ապագան Հայաստանո՞ւմ, թե՞ Ջավախքում եք տեսնում:
- Ջավախքի հետ կապս միշտ ակտիվ է եղել ու կլինի, բայց ապագան առայժմ Երևանում եմ պատկերացնում: