25/05/2015 12:51
Չկա որևէ ծրագիր, ըստ որի, բուհերը տեղափոխվեն Գյումրի. ԿԳ նախարար
Չկա որևէ ծրագիր, ըստ որի, բուհերը տեղափոխվեն Գյումրի կամ որևէ այլ մարզային քաղաք: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում, անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե առաջիկայում պլանավորում են բուհերը տեղափոխել Գյումրի քաղաք, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով՝ դա ընդամենը մի անհատի կողմից եղել է առաջարկ, որը չի հաստատվել:
«Չկա նման բան: Բուհերը շենքեր չեն: Բուհերը կենդանի մեծ օրգանիզմ են և նման բան հնարավոր չէ: Այո, եղել է առաջարկ, որպեսզի շենքերը տեղափոխեն, բայց հենց այնպես, դա դարձնել հանրային քննարկման առարկա, տեղին չէ»,- ասաց նախարարը:
Ա. Աշոտյանի խոսքով՝ եղել է առաջարկ, որպեսզի վերականգնվի նաև Շիրակի պետական համալսարանը, բայց դա այլ հարց է, որը հնարավոր է միայն բուհերի խոշորացման դեպքում:
«Ես դեմ չեմ, որպեսզի վերականգնվի Շիրակի պետական համալսարանը, բայց դա հնարավոր է միայն բուհերի խոշորացման դեպքում, օրինակ, եթե այդ համալսարանը միացվի Պոլիտախենիկական համալսարանի հետ: Այո, ես գտնում եմ, որ պետք է բուհերի խոշորացման ծրագիր մշակվի, բայց ես վստահ եմ, որ հանրության մեծամասնությունը դրան դեմ կլինի»,- ասաց նախարարն՝ վստահեցնելով, որ բուհերի տեղափոխության հարց այս պահին կառավարության հետ չի քննարկվում:
Հարցին՝ ԿԳ նախարարությունը ո՞ր նախարարության հետ կարելի է միացնել, նախարարը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց՝ Մայր Աթոռի ու հավելեց. «Եկեք հիշենք, թե Հայաստանում կրթությունը որտեղից է գալիս: Ես կհամաձայնեմ միայն, եթե վերադառնանք մեր կրթական ակունենքրին»: