16/07/2015 09:42
Քանաքեռցի Տույն ու իր թիկնապահները շրջափակվել են «զակազի» գնալու ճանապարհին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի` Քանաքեռցի Տույի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը: Նա մեղադրվում է ապօրինի զենք կրելու մեջ:
Հիշեցնենք, որ թաղային հեղինակություն Տույը համարվում է այս տարվա մարտի 4-ին սպանված քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից: Վերջինիս սպանությունից հետո քրեական աշխարհում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ սպանված հեղինակության մտերիմներին ևս վտանգ է սպառնում: Իսկ հնարավոր թիրախների ցանկում Տույը առաջիններից էր: «Ժողովուրդը» գրել էր, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո Քանաքեռցի Տույը սկսել էր զրահապատ մեքենայով շրջել: Իսկ ինչ վերաբերում է նրան կալանավորելու պատմությանը, շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ Քանաքեռցի Տույին ու իր թիկնապահներին իրավապահները շրջափակել և բերման են ենթարկել` «զակազի» գնալու ճանապարհին»: