17/07/2015 14:34
«Այբ» դպրոցում իրականցվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կրթական ծրագիրը
Հունիսի 22-ից «Այբ» դպրոցում մեկնարկել է «Համաշխարհային ուսումնական լաբորատորիաների» (Global Teaching Labs) ձևաչափով փորձնական դասընթացը, որն անցկացվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Գիտության և տեխնոլոգիայի միջազգային նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում: Դասընթացին մասնակցում է 110 աշակերտ՝ Հայաստանից և Արցախից:
«Այբի», «Լույս» հիմնադրամի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան ծրագրին ու առհասարակ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությանը:
«Այս նոր ձևաչափով ուսուցիչն ու աշակերտը միասին են շարժվում գիտելիքի ճանապարհով»,- ասաց «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահի՝ կրթության հարցերով խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
Նա բացատրեց՝ ծրագրի սկզբունքներից մեկն այն է, որ ուսուցումն իրականացվում է «Շրջված դասասենյակ» սկզբունքով.
«Այս դեպքում աշակերտները դասասենյակ են գալիս ոչ թե ինչ-որ նոր բան լսելու, այլ գալիս են նախապես նյութն ուսումնասիրած: Նրանց տրամադրվող բազմաթիվ օնլայն ռեսուրսների միջոցով նախապես ծանոթանալով նյութին՝ հետագա դասապրոցեսը վերածվում է համատեղ ուսումնասիրության, քննարկման»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
Նա ընդգծեց, որ կրթական այս ձևաչափն արդեն տարածված է աշխարհի շատ երկրներում.
«Այսօր մենք հավաքել ենք լավագույն դպրոցների աշակերտներին՝ հույս ունենալով, որ հետո իրենք իրենց դպրոցներում կպատմեն տեղի ունեցածի մասին և, գուցե, իրենց ուսուցիչների հետ մի փոքր կփոխեն կարծրացած մեթոդաբանությունը»,- ասաց Տեր Մեսրոպը: