24/07/2015 15:14
Ս. Օհանյան. Սահմանին լարվածություն կա, կրակոցների թիվն ավելացել է
«Հակառակորդը ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում: Որոշակի լարվածություն կա, կրակոցների թիվն է ավելացել»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածությանը, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով՝ վերջին օրերին հակառակորդը նաև խոշոր տրամաչափերի ականանետներից է կրակում։ Նա նկատեց, որ թեև այդ կրակոցները ստույգ և ճշգրիտ չեն եղել, սակայն իրավիճակը հայկական ստորաբաժանումների կողմից՝ թե ԼՂՀ տարածքում, թե ՀՀ սահմաններում վերահսկվում է:
«Այսօր հայ զինվորն ունի բարձր մարտական ոգի, հայկական բոլոր ստորաբաժանումներն օժտված են համապատասխան բարոյահոգեբանական մակարդակով և իրենց առաջ դրված խնդիրները իրականցնում են: Հայ ժողովուրդը թող վստահ լինի, որ հայկական բանակն իր առաջ դրված խնդիրը՝ մեր իսկ ժողովրդի, հարազատների խաղաղությունը, անվտանգությունը ապահովել և ապահովելու է»,-ասաց նա:
Շարունակելով խոսքը՝ նախարարն ընդգծեց, որ լարվածության առաջացման վրա ազդում են տարբեր՝ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային զարգացումներ, որոնք կան՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային ասպարեզում։