24/08/2015 12:36
Վ.Բաբայան. ԲՀԿ-ն մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը
Վենետիկի հանձնաժողովի անդամները արդեն Երևանում են և վաղը ԵՊՀ-ում կհանդիպեն ԱԺ խմբակցությունների, այդ թվում և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ՝ քննարկելու սահմանադրական բարեփոխումները: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
«Ինչպես և ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ավելի վաղ հայտարարել էր՝ կուսակցությունը չի կարող դիտորդ լինել երկրի կարևորագույն հարցի քննարկման շուրջ: Առավել ևս, որ ոչ միայն այդ հարցը կարևոր է մեզ համար, այլ նաև Վենետիկի հանձնաժողովի հորդորներով ենք մասնակցել ու բովանդակային քննարկման մեջ մտել: Այնպես որ մենք մասնակցություն այդ հանդիպմանն իհարկե ունենալու ենք»,- ասաց նա:
Բայց ինչ վերաբերում է այլ հարցերին, օրինակ, թե ինչ առաջարկություններով կամ քննադատությամբ հանդես կգան այդ հանդիպմանը, Վ. Բաբայանը զերծ մնաց մեկնաբանելուց:
Իսկ ահա սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշման մասով նորություն դեռ չկա՝ կուսակցության պաշտոնական տեսակետը կհայտնեն այն ժամանակ, երբ կհայտնեն.
«Այս պահին մենք ավելին ասելու բան չունենք, մենք դրա մասին խոսել ենք և երբ կլինի քննարկում ու կկայացվի որոշում կուսակցության քաղաքական խորհրդի կողմից, այդժամ էլ որոշումը կհրապարակենք: Այս պահին միայն կարող եմ ասել, որ մենք մասնակցելու ենք Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը»,- հավելեց պատգամավորը: