25/08/2015 10:32
«Մենք սահմանադրական բարեփոխումների ամենամեծ քննադատն ու ընդդիմախոսն ենք»
Մենք հանդիսանում ենք սահմանադրական բարեփոխումների ամենամեծ քննադատն ու ընդդիմախոսը, որովհետև մենք գիտենք, թե ինչ նպատակ են հետապնդում այս բարեփոխումները: Այս մասին ԵՊՀ-ում Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` այս բարեփոխումների հիմնական նպատակն է անել այնպես, որպեսզի շրջանցվի Սերժ Սարգսյանի համար երրորդ անգամ վերընտրվելու արգելքը.
«Հենց դա է պատճառը, որ նա ու իր թիմակիցները ձգտում են անցկացնել այս փոփոխությունները: Դուք շատ լավ հասկանում եք ու նաև ընդգծում եք, որ Սահմանադրությունը քաղաքական ուժերի ու հանրության միջև համաձայնության ձև է, բայց ռեժիմը այնպիսի ձև է ստեղծում, որպեսզի որևէ մեկը չկարողանա փոխել խաղի կանոնները»:
Ընդդիմադիր գործչի համոզմամբ` իշխանությունները ցանկանում են փոխել կառավարման ձևն ու խաղի կանոնները` հետապնդելով քաղաքական շահ ձեռք բերելու նպատակը: Հայաստանում, ասաց նա, ընտրությունները կեղծվում են զանգվածային ու միակ հույսը ժողովրդավարության համար այս արգելքն էր, որ արգելում էր երրորդ անգամ վերընտրվել.
«Իսկ հիմա ուզում են վերացնել դա: Արդյոք Վենետիկի հանձնաժողովը իրականում գիտի՞ այս մասին, գիտակցո՞ւմ է դա, քանի որ, իմ կարծիքով, դուք բաց եք թողել ամենակարևոր գործառույթներից մեկը` ԱԺ նախագահի կողմից վարչապետի նշանակումը: Ես չգիտեմ որևէ խորհրդարանական կարգ, որտեղ նման կարգ գոյություն ունի, սա արվում է սովորաբար միապետի կողմից, մոնարխիայի դեպքում: Սա բացառիկ լիազորություններ է տալիս ԱԺ նախագահին, ինչի մասին դուք չեք խոսել: Բայց նշեմ, որ դա պատահական չէ արված, իրականում ԱԺ նախագահը ստանում է մեծ լծակներ, լուրջ կշիռ: Այնպես որ հիմնական նպատակը նա է, որ Սերժ Սարգսյանը պահպանի իր իշխանությունը՝ որպես ԱԺ նախագահ: Եվ հարցնում եմ, ըստ ձեզ, համակարգի, ռեժիմի փոփոխությունը կարո՞ղ է արվել այն եղանակով, որ ծառայի որևէ կուսակցության նպատակի»,- հետաքրքրվեց նա:
Լ. Զուրաբյանը ասաց նաև, որ Հայաստանում բացակայում է քաղաքական կոնսենսուսը, ինչը լրջագույն խնդիր է երկրի ժողովրդավարության համար:
Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերի արձագանքը եղավ շատ կարճ.
«Մեր գործը, որպես իրավաբան, չի կայանում նրանում, որպեսզի մենք մեկնաբանենք քաղաքական իրավիճակը կամ ձևավորենք ու գնահատենք քաղաքական կոնսենսուսի առկայությունը Հայաստանում: Ձեր հայտարարությունը շատ հետաքրքիր է, բայց մենք չենք կարող պատասխանել դրան, քանի որ չունենք փաստարկներ և ոչ էլ ունենք մասնագիտական կարողություններ դա անելու համար»:
Ավելացրեց նաև, որ քաջ ծանոթ են նախագծին ու մանրակրկիտ ուսումնասիրել են Լ. Զուրաբյանի կողմից նշված դրույթները` ԱԺ նախագահի լիազորություններին ու վարչապետի նշանակմանը վերաբերող: