31/08/2015 20:24
Ինչո՞ւ լավատեսական դարձան տնտեսական աճի կանխատեսումները
Հետաքրքրական դինամիկա է արձանագրվում Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշում (որը մեծապես կանխորոշում է տնտեսական աճի ցուցանիշը):
Տարեսկզբին ամենալավատեսական կանխատեսումները չէին խոսում այն մասին, որ տնտեսական ակտիվության աճը տարվա ընթացքում, մասնավորապես նախ` 6 ամիսների, ապա` 7 ամիսների ցուցանիշներով կարող է կազմել 4,2 տոկոս: Կանխատեսումները բազմազան էին` խիստ հոռետեսականից մինչև չափավոր լավատեսական: ԱՎԾ արդեն այսօր հրապարակած ցուցանիշների համաձայն՝ կիսամյակային աճը երկրում 4 տոկոս է կազմում:
Այսպես` ՀՀ պետական բյուջեում դրված է տարեկան 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում էր մինչև 0,8-2 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը` 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` անգամ մինչև 1 տոկոս անկում: Տարվա ընթացքում Կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում նշվում էր 1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը:
Տարվա կեսին տնտեսական ակտիվության ցուցանիշի նման անսպասելի բարձրացման մեջ մեծ դեր ունեցավ գյուղատնտեսությունը: Իհարկե, դրանում իր դերը խաղացին նպաստավոր եղանակային պայմաններր: Սակայն, մյուս կողմից նշնակալից էին նաև Կառավարության ջանքերն այս ոլորտում: Բացի վերջին տարիների համար ավանդական դարձած սուբսիդավորման ծրագրերից, երբ պետությունը իր վրա էր վերցնում գյուղատնտեսական վարկերի, վառելիքի և պարարտանյութի գնի մի մասի վճարումը, այս տարի լուրջ ուշադրություն հատկացվեց երկու այլ կարևոր հանգամանքների` ոռոգման ջրի և հակակարկտային նոր կայանների տեղադրման վրա:
Ասել, թե ոռոգման ջրի խնդիրներ չեղան՝ ճիշտ չի լինի, բայց դրանց մեծամասամբ եղան այն վայրերում, որտեղ ներդրումներ պետք է կատարվեն խնդրի արմատական լուծման համար: Մնացած բոլոր դեպքերում, երբ կար ջրի անբավարարություն, Կառավարությունը տարիներ շարունակ չգործածվող խորքային հորեր գործարկեց: Ասել, թե ինչ նշանակություն ունի ոռոգման ջրի կանոնավոր մատակարարումը հողագործների համար, երևի թե անիմաստ է: Հետևաբար, գյուղատնտեսական բարձր բերքատվության պատճառների թվում անպայման պետք է նշել նաև այս հանգամանքը:
Մյուսը հակակարկտային համակարգի ամբողջականացումն է Արարատյան դաշտում, մասնավորապես՝ Արմավիրի մարզում: Այս տարի սպասվող խաղողի առատ բերքի մասին խոսելով, չմոռանանք, որ հենց կարկուտի պատճառով երկու տարի առաջ այս մարզի գյուղացիները բերքի ամբողջական կամ լուրջ կորուստներ էին ունեցել: Հարկ է նշել նաև, որ գյուղատնտեսության ոլորտում աճը սահման չէ և ոլորտը բավականին լուրջ ներուժ ունի: Փորձագետների կարծիքի համաձայն, միայն մրգի և բանջարեղենի բերքն առնվազն կրկնակի ավելացնելու ռեսուրսներ կան, որոնք արդյունավետ գործարկման համար ջանքեր դեռ պետք է ներդրվեն և հնարավորությունները օգտագործելու ուղիներ փնտրվեն:
Վերադառնալով տնտեսական աճի ցուցանիշներին, հարկ է նշել տնտեսության իրական հատվածի մյուս կարևոր ճյուղում` արդյունաբերությունում արձանագրված բարձր աճը` 4,1 տոկոս: Շինարարությունում աճը չնչին է եղել 0,4 տոկոս, բայց սպասվող ներդրումային ծրագրերը` («Հին Երևան» և «Ֆիրդուսի» թաղամաս) կասկած չեն թողնում, որ այս ճյուղում տարվերջին և հատկապես եկող տարի աճն ավելի տեսանելի կլինի:
Հետարքրական է, թե ինչպես են փոխվելու այս ցուցանիշների համատեքստում տարեկան տնտեսական աճի կանխատեսումները: Առաջին արձագանքը արդեն եղել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից, որի ներկայացուցիչն ասել է, որ նոր կանխատեսումն ավելի դրական կլինի, քան ներկայիս 0,8 տոկոսն է:
Հաջորդը ՀՀ կենտրոնական բանկի նոր կանխատեսումներն են, որոնք փոխվել են դեպի վեր` օրերս հրապարակված «Գնաճի հաշվետվությունում»:
Տնտեսական աճը 2015 թ.-ին, ըստ ԿԲ նոր կանխատեսման, կգտնվի 2,8-3,6 տոկոս միջակայքում` նախկինում արված 0,8-2 տոկոս աճի կանխատեսման փոխարեն: Այս կանխատեսումը հիմնականում պայմանավորվել է մակրոտնտեսական և ֆինանսական կայունությամբ, առաջին կիսամյակում ԿԲ կողմից դրամավարկային պայմանների թուլացմամբ, խթանող հարկաբյուջետային քաղաքականությամբ և վերևում մեր նշած գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումներով:
Ընդ որում, 2016 թվականի համար էլ կանխատեսվում է աճ 3,5-4,5 տոկոսի շրջանակում, ինչն էլ պայմանավորվում է արտահանման և ներդրումների խթանմանն ուղղված կառավարության ծրագրի արդյունավետ իրագործման, արտաքին տնտեսական միջավայրի աստիճանական բարելավման և կառուցվածքային բարեփոխումների ազդեցությամբ: Այժմ ինչպիսի՞ն է պատկերը ըստ տնտեսության առանձին ճյուղերի:
Արդյունաբերությունում տարեկան աճի տեմպն 2015-ին, ըստ ԿԲ-ի, կլինի 4-4,5 տոկոսի շրջանակներում` կախված հիմնականում սննդի վերամշակման աճի տեմպով, որն էլ, իր հերթին, պայմանավորված է գյուղատնտեսության դրական զարգացումներով:
Գյուղատնտեսությունում էլ ակնկալվող տարեկան աճը կլինի 10,5-11,5 տոկոսի շրջանակում:
Շինարարությունում կանխատեսվող աճը 1,5-2,5 տոկոս է` նկատի ունենալով ինչպես պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային` ճանապարհներ, ջրագծեր և այլն, շինարարությունը, այնպես էլ՝ մեր նշած մասնավոր ներդրումային ծրագրերը:
Ինչ վերաբեվում է գնաճին, ապա ակնկալվում է, որ այս տարեվերջին այն կլինի 4% +- 1.5 տոկոսային կետ թույլատրելի միջակայքի ստորին հատվածում` այսինքն 4 տոկոսի միջակայքում:
Այսպիսով կարող ենք փաստել, որ տնտեսական աճի կանխատեսումների լավատեսականդ դառնալու հիմքը տնտեսությունում արձանագրվող դրական զարգացումներն են, որոնց վերաբերյալ սարսափազդու կանխատեսումների պակաս մի քանի ամիս առաջ չէր զգացվում: