04/09/2015 10:50
Պերմյակովի պատժի կրման հարցում ՀՀ և ՌԴ դատախազությունները վերջնական համաձայնության են եկել
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման հարցում Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունները վերջնական համաձայնության են եկել։
Ըստ այդմ, մինչև դատավարության ավարտը և Պերմյակովի նկատմամբ արձակվելիք դատավճռի ուժի մեջ մտնելը, կալանքի տակ գնվելիս նա կշարունակի պահվել ՌԴ-ի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում։
Իսկ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո Պերմյակովը կհանձնվի Հայաստանի իրավապահներին և իր պատիժը կկրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում։
«Հիշեցնենք, որ Պերմյակովի գործը ՀՀ իրավապահներին հանձնելուց հետո, երբ արդեն հստակ պարզ դարձավ, որ նրա դատավարությունը տեղի է ունենալու ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, միակ չլուծված հարցը մնացել էր այն, թե դատավարությունից հետո նա որտեղ է կրելու պատիժը։ Ինչպես պարզեցինք՝ այս հարցը ևս փաստորեն լուծվել է»,- գրել է թերթը։