01/10/2015 16:29
Բեքարյան. Միջազգային հանրությունը լռում է՝ շահերն արժեքներից վեր են
Ադրբեջանը երկու ոճային փոփոխություն է կատարել իր ձեռագրում: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով՝ առաջին փոփոխությունն այն է, որ նա խաղաղ բնակչության ուղղությամբ սկսել է ավելի ինտենսիվորեն կրակել՝ հատկապես Տավուշի մարզի ուղղությամբ, իսկ երկրորդը՝ զինատեսակների կիրառման էական փոփոխությունն է:
«Ադրբեջանը սկսել է զինատեսաակների այնպիսի գործիքակազմ օգտագործել, որոնք չի կիրառել պատերազմի տարիներից ի վեր: Բնականաբար, այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց ՄԱԿ-ի բարձր ամբիոնից և միջազգային հանրությանը ներկայացրեց, որ հերթական անգամ Ադրբեջանը Հայաստանի, ԼՂ-ի և հայկական ԶՈւ այլ ելք չի թողնում: Հաշվի առնելով սահմանային սրացումները և Ադրբեջանի կողմից հրահրվող հերթական սադրանքները՝ Նախագահը ելույթում ընդգծվեց նաև, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի հակաքայլերը միջազգային հանրության համար դառնան ավելի պարզ ու հասկանալի»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Ս. Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ նաև Ադրբեջանի ղեկավարության խայտառակ կեցվածքին, որով ևս մեկ անգամ շեշտեց, որ այն ամենն, ինչ Ադրբեջանը նախաձեռնում է սահմաններում, դա անում է սեփական հանրության ուշադրությունը շեղելու նպատակով:
«Այդ ամբիոնում Հայաստանը ոչ միայն իր մտահոգությունները հայտնելու իրավունք ուներ, այլև հնարավորություն ունեցավ ասելու, որ վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը պատասխանատվություն կրի լռության համար ու ընդդեմ Ադրբեջանի լծակներ կիրրառի: Ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԽ համանախագահությունն իր քաղաքականությունը փոխի և լղոզված ու «հավասարակշռված» հայտարարությունների փոխարեն իսկապես ինչ-որ քայլեր կիրառի: Իսկ եթե չի անում և պահպանում է լռություն, ապա իր լռությամբ ստանձնում է պատասխանատվության բեռ՝ թափված արյան և զոհված կյանքերի առջև: Այո, միջազգային հանրությունն իրավունք ունի, սակայն այն չի կիրառում: Չի կիրառում մի պարզ պատճառով՝ շահերն արժեքներից վեր են դասվում»,- նշեց Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ այդ կեցվածքը գնալով ավելի վտանգավոր է դառնում:
Կ. Բեքարյանը հիշեցրեց նախորդ տարվա նոյեմբերին զորավարժությունների ժամանակ խոցված ուղղաթիռի դեպքը, երբ, ըստ նրա, միջազգային հանրությունից որևէ մեկը կառուցողական հայտարարություն չարեց, և տղաների դիերը դուրս բերվեցին միայն ռազմական գործողությունների արդյունքում: