09/10/2015 16:16
ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են սահմանամերձ Բերդավան, լուսանկարել ադրբեջանական հերտակոծության հասցրած վնասը
Այսօր ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղ և տեղում ծանոթացել հակառակորդի կրակոցների հետևանքով հասցված վնասին:
Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:
Այցելությանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը և Սայմոն Թիլերը:
Գյուղապետի խոսքով՝ նրանք շրջել են գյուղում, արձանագրել ու լուսանկարել են հասցված վնասը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին ադրբեջանական հրետակոծության հետևանքով այս գյուղում զոհվել էր երկու կին, ևս երեք գյուղացի բեկորային վնասվածքներ էր ստացել: Ընդհանուր առմամբ գյուղում վնասվել էին բազմաթիվ շինություններ, այդ թվում՝ վերջերս վերանորոգված մշակույթի տունը: