23/11/2015 10:56
Սարսանգն՝ օրակարգում. Եվս մեկ հակահայ զեկույցի հարցը կքննարկվի այսօր
Այսօր Փարիզում կկայանա ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը, որի ժամանակ կքննարկվի բոսնիացի պատվիրակ Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցը և այն ԵԽԽՎ հունվարյան նստաշրջան ներառելու հարցը:
Aysor.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Վահան Բաբայանը, ով մասնակցելու է նիստին, ասաց, որ դժվար է հիմա կանխատեսել, թե ինչ ընթացք կունենա նիստը և արդյոք հնարավոր կլինի խուսափել ևս մեկ հակահայ զեկույցի մեծ օրակարգ ներառվելուց:
«Մեկ բան կարող եմ ասել՝ այսօրվա նիստի արդյունքը հստակ իր ազդեցությունը կունենա ԱԺ կողմից ընդունվելիք ԵԽԽՎ-ին ուղղված հայտարարության սրության վրա»,- նշեց Վահան Բաբայանը:
Նշենք, որ նիստը Երևանի ժամանակով կմեկնարկի ժամը 17.30-ին:
Հիշեցնենք, նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ Ռոբերտ Ուոլթերի հակահայ զեկույցը և այն ներառվեց ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգ: