23/11/2015 14:52
Ս. Ավետիսյան. Թույլ չենք տա եվրոպական արժեքներին մեծ ուժով ներգործել մեր ազգային ավանդույթների վրա
Սահմանադրական փոփոխություններով փորձել ենք ամրագրել հնարավորը, որպեսզի երեխաների իրավունքների պաշտպանությունը լինի լավագույնը և թույլ չտանք, որ եվրոպական արժեքները մեծ ուժով ներգործեն մեր ազգային ավանդույթների վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը՝ ընդգծելով, որ Սահմանադրության մեջ հստակ ամրագրվելու է, թե ինչ է ընտանիքը հայ մարդու համար:
Անդրադառնալով ընդդիմությանը, Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ ընդդիմությունը ամենևին էլ չի ուզում «Ոչ»-ի հստակ քարոզարշավ տանել, այլ ուղղակի հերթական անգամ քննադատում է իշխանություններին՝ չմտնելով բովանդակային քարոզչության դաշտ: Ընդդիմության նպատակը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, ուղղակի քննադատելն է և այնքան էլ կարևոր չի, թե դա ինչ գործընթացի կոնտեքստում է արվում:
«Մենք ընդդիմությանը մեծ լիազորություններ ենք տվել, իսկ նրանք ուղղակի «ոչ» են ասում ու չեն գնում, չեն հանդիպում: Իսկ մենք մեր առջև խնդիր ենք դրել ակտիվորեն հանդիպել ազգաբնակչության հետ»,- ասաց նա:
Բանախոսը հավաստիացրեց՝ ամենն արվում է ժողովրդի համար և հենց ժողովուրդն է որոշողը լինելու դեկտեմբերի 6-ի հանրաքվեում: