28/11/2015 13:10
«Միասնական Ռուսաստանի» լռությունը Ալեքսանդր Մարկարովին դուր չի գալիս
Հայոց ցեղասպանության հարցը այն գործիքներից մեկն է, որով Ռուսաստանը փորձ է անելու ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Այս մասին ասուլիսում ասաց ԱՊՀ ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Ցանկացած երկիր գիտի, որ այս հարցը, ի թիվս շատ այլ հարցերի, կարող են օրակարգ բերել այն ժամանակ, երբ Թուրքիան վատացնում է իր հարաբերություններն այս կամ այն երկրի հետ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Արդար Ռուսաստանի» կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ներառումը ՌԴ Պետդումայի օրակարգ, Ա.Մարկարովը նախևառաջ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, թե ում կողմից է կյանքի կոչվել այդ նախաձեռնությունը, այսինքն՝ ոչ «Միասնական Ռուսաստանի» կողմից: Իսկ սա, ըստ բանախոսի, նշանակություն ունեցող փաստ է.
«Մենք դեռ չենք լսել որևէ պաշտոնական հայտարարության Պետական Դումայում քաղաքական մեծամասնություն կազմող «Միասնական Ռուսաստանից» այս նախաձեռնության վերաբերյալ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ գործընթացը, հնարավոր է, իր տրամաբանական ավարտին չհասնի»,- ընդգծեց գործիչը: