09/12/2015 19:18
Սեյրան Օհանյան. Սահմանային լարվածությունը հասել է գագաթնակետին
Սահմանային լարվածությունը հասել է գագաթնակետին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով վերջին օրերի հրադադարի խախտումներին:
«Վերահսկողությունը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատշաճ մակարդակով է կատարվում»,- ասաց Սեյրան Օհանյանն՝ ավելացնելով.
«Իրոք, այս օրերին կրակում են ոչ միայն հրաձգային զենքերից, այլև՝ ականանետերից: Բավական մեծ քանակությամբ կրակոցներ են եղել: Արցախի Հարավ-արևելյան հատվածում կրակել են նաև տանկից, կրակոցները դիպուկ չեն եղել: Սա հակառակորդի կողմից իրավիճակի ապակայունացման մարտավարություն է»:
Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրավիճակը վերահսկվում է.
«Մենք գործ ունենք մի հարևանի հետ, որը պարզ մարդկային լեզուն չի հասկանում, չեն հասկանում, որ բանակցային գործընթացը հաջողությունների մեջ վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ համապատասխան մեխանիզմներ պետք է մշակենք:
Երկխոսության համար հրադադար է պետք, փոխադարձ պայմանավորվածություններ են պետք: Միջազգային հետաքննությունն է, որը կարող է պարզել՝ որ կողմն է մեղավոր: Եկել է ժամանակը, որ միջազգային հետաքննության անցկացման մեխանիզմների ձևավորման համար պետք է լուրջ աշխատանք տարվի, որպեսզի թիրախային գնահատականներ տրվեն»,- ասաց Պաշտպանության նախարարը: