09/12/2015 18:30
Նաղդալյան. ԵԽԽՎ պատվիրակների գնահատականները իրականության հետ աղերս չունեն
ԵԽԽՎ պատվիրակների հնչեցրած գնահատականները, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցել է բազմաթիվ խախտումներով ու պայմանավորված է եղել քաղաքական շահերով, իրականության հետ աղերս չունի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ընդգծելով, որ ԵԽԽՎ-ն հանրաքվեի ժամանակ ՀՀ-ում դիտորդական առաքելություն չի իրականացրել, այլ ուղղակի ունեցել է այստեղ պատվիրակների մասնակցություն, մասնավորապես երեք հոգանոց խումբ:
«Տվյալ դեպքում նրանք հնարավորություն չեն ունեցել ուսումնասիելու Ընտրական օրենսգիրքը, Հանրաքվեի մասին օրենքը, ուստի կարծիքները, թե իրենք կարող էին ունենալ կամ տեսնել, աղերսներ չունեն մեր օրենսդրության հետ»,- նշեց Հ.Նաղդալյանը:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը նաև նշեց, որ ԵԽԽՎ-ին տեղեկացրել են բողոքարկման մասին, թե ինչպիսի փաստացի նյութեր կան, ինչպիսի ընթացք են դրանք ստանում և այլն.
«Արդյունքում իրենք կկազմեն տեղեկատվություն ու կներակայացնեն ԵԽԽՎ բյուրոյին»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը: