12/01/2016 15:26
Իրանը Հայաստանի համար ունի հսկայական կարևորություն. Իրանագետ
2016-ի սկզբին տարածաշրջանում տեղի ունեցած երեք կարևոր իրադարձությունները՝ Սաուդյան Արաբիա-Իրան հակամարտությունը, Թուրքիայում քրդական խնդրի սրումը և Ադրբեջանում նավթի գների անկումը լուրջ անդրադարձ կունենան նաև հայաստանյան զարգացումների վրա: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա ընդգծեց, որ Իրանը Հայաստանի համար ունի հսկայական կարևորություն, հետևաբար Իրանի նկատմամբ տեղի ունեցող զարգացումները անշուշտ կանդրադառնան նաև Հայաստանի վրա: «Իրանի անվտանգությանն ուղղված սպառնալիքներն ազդում են նաև Հայաստանի անվտանգության վրա: Իրանի շուրջ ցանկացած զարգացում մեզ հետաքրքիր է ու կարևոր»,- ասաց նա:
Իրանագետի համոզմամբ, սակայն, Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև պատերազմի հավանականությունը քիչ է: Նրա խոսքով՝ այս երկու երկրները պատերազմի չեն գնա, քանի որ դա վտանգավոր է երկու կողմերի համար էլ,. «Բայց դեռ նրանց միջև հակասությունները կշարունակվեն»,- նկատեց Վ. Ոսկանյանը:
Անդրադառնալով Ադրբեջանում ստեղծված իրավիճակին, Ոսկանյանը հավելեց, որ Ադրբեջանը արհեստածին երկիր է և հիմնական եկամուտները նավթից եկող եկամուտներն են, իսկ նավթային գների աննախադեպ անկումը հանգեցնելու է այս երկրի ամրության սասանմանը, որը հիմնված է բացառապես նավթադոլարների վրա: «Ադրբեջանի համար այս տարին բարդ է լինելու»,- ընդգծեց նա:
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի վրա ազդող վտանգների մասին խոսելուց բացի, մասնագետները պետք է խոսեն նաև ստեղծվող հնարավորությունների մասին. «Հայաստանի Հանրապետությունն այնպիսի տարածաշրջանում է, որ կարող է լինել և՛ փակուղի, և՛ խաչմերուկ»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանն ունի լայն հեռանկարներ տրանզիտային երկիր դառնալու համար:
«Տարածաշրջանում առկա բոլոր հակասություններից ունենք հնարավորություններ, որոնք կարող ենք ի նպաստ մեզ օգտագործել. Օրինակ՝ Իրանի հզորացման արդյունքում Հայաստանն ունի ապագայի բավականին լավատեսական սցենարներ»,- եզրափակեց նա: