09/02/2016 12:41
Շվեդիայի ԱԳ նախարար. ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմական լուծում չունի
Շվեդիան պատրաստ է աջակցել Հայաստանին, Արևելյան գործընկերությանն ու ամբողջ տարածաշրջանին: Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը:
«Մենք ունենք ընդհանրություններ, որոնք բարելավելու են նաև մեր դիվանագիտական շփումները: Այդ ընդհանրությունները նաև մեծ հնարավորություն են ընձեռում ապագա համագործակցության համար՝ թե առևտրային, թե կոմերցիոն հնարավորությունների առումով»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցության նոր փաստաթղթին՝ Մ. Վալստրյոմը ևս մեկ անգամ շեշտեց, որ Շվեդիան սատարում է բավական հավակնոտ նոր համաձայնագրի ստորագրման գործընթացը, որը կարող է պիտանի հարթակ դառնալ կողմերի համար:
«Մենք պատկանում ենք այն պետությունների խմբին, որոնք ճնշում են գործադրել, որ Արևելյան գործընկերությունը շարունակվի, զբաղեցնի ԵՄ վերին տեղերը: Այսուհետ մենք անհատականացված մոտեցումներ կտեսնենք առանձին երկրների համար, կմտնենք «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով հարաբերությունների մեջ: Սա նշանակում է, որ պատասխանատվություն ենք զգալու մեզ հետ փոխգործակցող պետությունների հետ»,- ասաց Մարգոտ Վալստրյոմը:
Շվեդ դիվանագետն ասաց, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Նա ընդգծեց, որ հնարավորություն ընձեռվեց խնդիրն ավելի խորությամբ հասկանալ և ընկալել Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
«ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմական լուծում չունի: Պետք է հնարավորնս ամեն ինչ արվի, որպեսզի էսկալացիա չլինի: Հուսով ենք, որ հարցի կարգավորումը կլինի Մինսկի խմբի հովանու ներքո: Պետք է ակտիվորեն աշխատել այս թնջուկը խաղաղ լուծելու համար»,- ընդգծեց շվեդ պաշտոնյան:
Նշենք, որ հանդիպման ընթացքում Շվեդիայի և Հայաստանի ԱԳ նախարարներն այսօր ստորագրել նոր համաձայնագիր, ըստ որի՝ կողմերն ազատվում են կրկնակի հարկումից:
Շվեդիայի արտգործնախարարի խոսքով՝ նոր համաձայնագիրը նոր հնարավորությունների հեռանկար է բացում կողմերի միջև, ինչը նշանակալի քայլ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար:
«Այդ համաձայնագիրն ավելի կհեշտացնի շվեդացիների աշխատանքը Հայաստանում և՝ հակառակը: Սրանք են այն գործնական քայլերը, որոնք կատարվում են կողմերի միջև»,- ասաց նա: