20/02/2016 13:38
Լևոն Շիրինյան. ՌԴ-ն պետք է զբաղվի Թուրքիայով, իսկ մենք՝ Ադրբեջանով
Միջազգային քաղաքականության մեջ տեղ չունեցողին խժռում են, հետևաբար ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին Հայաստանը պետք է գործի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաետ Լևոն Շիրինյանը:
Ըստ նրա՝ առաջին հարցը, որ պետք է բարձրացնի Հայաստանը, Նախիջևանով անցնող երկաթգծի շահագործումն է.
«Նոր երկաթգծի մասին են խոսում, սակայն ինչո՞ւ նստենք, սպասենք Չինաստանի 100 միլիարդներին, եթե մի երկու միլիարդ է պետք ծրագիրն իրականացնելու համար: Կարծում եմ ՝ Նախիջևանի թրքությունն էլ կհամաձայնի երկաթգծի շահագործմանը, քանի որ նրանց կյանքն էլ կբարելավվի»:
Նա ընդգծեց՝ Հայաստանի համար գործելու լայն հնարավորություններ են ստեղծվել հիմա.
«Ստեղծվել է ՌԴ-Սիրիա-Իրան համագործակցություն, մենք պետք է ՌԴ-ին ասենք, որ նրանք զբաղվեն Թուրքիայով, իսկ մենք՝ Ադրբեջանով: Խելոքության քարոզիչները պետք է հասկանան, որ պետությունը, որը միջազգային քաղաքականության մեջ կորցնում է ակտիվությունը, կործանվում է»,- ասաց քաղաքագետը: