26/04/2016 11:43
Մարտակերտում արկակոծման հետևանքով տուժել են որոշ տներ ու ենթակառուցվածքներ
Այս գիշեր հակառակորդի կողմից ՄՄ-21 (Գրադ) կայանքից Մարտակերտ քաղաքի արկակոծման հետևանքով վնասվել են մի քանի տներ և որոշ ենթակառուցվածքներ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ հաղորդմամբ՝ այս գիշեր ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա, մասնավորապես` 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք և տանկ: Բացի մարտական հենակետերից, հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ (8 արկ):
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման հետևանքով` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):
Հակառակորդի ագրեսիվ գործողությունները չեզոքացնելու նպատակով` ղարաբաղյան բանակը դիմել է կանխարգելիչ քայլերի և թիրախային հարվածներ հասցրել նրա առաջնային դիրքերին ու կրակային հենակետերին` պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի նշանակալի կորուստներ: