30/04/2016 09:52
ԼՂՀ ՄԻՊ կնշանակվի ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը
Ինչպես հայտնի է, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարական է տվել։ «Հրապարակի» տեղեկություններով՝ նրան փոխարինելու է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, ով ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է տեղեկությունը. «Ես որևէ մեկնաբանություն այդ հարցի շուրջ չունեմ այս պահին»:
Հարցին՝ առաջարկ եղե՞լ է, ինչքա՞ն էր մնացել ռեկտորի պաշտոնում Ձեր պաշտոնավարմանը, որ մեկնեք Արցախ։ «Դուք հետևություններ արեցիք, բայց հիմքեր չկան: Ես Արցախ բավականին հաճախ եմ գնում, գնում եմ, վերադառնում եմ: Եվ այս պահին ասացի Ձեզ՝ առաջին հարցի շուրջ մեկնաբանություն չունեմ»:
Արցախում ՄԻՊ-ի հրաժարականը բացատրում են հետևյալ կերպ. «Միջազգային իրավունքի ուժեղ մասնագետ է պետք, առավել ևս` ապրիլյան պատերազմից հետո, երբ միջազգային ատյաններին դիմելու, ներկայացնելու հարց կա»: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է նաև. «ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի կողմից հրաժարականը պլանավորվել էր դեռևս տարեսկզբին, սակայն հետաձգվել՝ 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով»: