20/05/2016 18:01
Քառօրյա պատերազմից հետո ազգային ավիափոխադրող ունենալու հարցը դարձել է օրակարգային
Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել՝ քննարկելու Հայաստանի քաղավիացիայի հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ հստակ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը:
Նիստին մասնակցել է նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Ինչպես փոխանցում են Հանրային խորհրդից՝ խոսելով Հայաստանում քաղավիացիայի զարգացման կարևորության մասին, Վ. Մանուկյանը կարևորել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո քաղավիացիայի զարգացման և ազգային ավիափոխադրող ունենալու հարցը և ընդգծել, որ այն դարձել է առավել օրակարգային:
Քննարկման ընթացքում որոշվել է դիմել այն անհատներին ու համապատասխան կառույցներին, որոնք ոլորտի հրատապ հարցերի շրջանակներում կարող են ներկայացնել որոշակի առաջարկներ ու ծրագրեր:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ընդգծել է, որ քաղավիացիան որպես ռազմավարական խնդիր պետք է պետության առջև դնել և այն գերակա ճյուղ ճանաչել:
Նիստի ավարտին որոշվել է Հայաստանի քաղավիացիայի հիմնախնդիրների և հեռանկարների վերաբերյալ առաջիկայում կազմակերպել հանրային լայն քննարկում, որի ընթացքում կամփոփվեն բարձրացված հարցերն ու առաջարկները, և ՀԽ կանոնադրության համաձայն, կներկայացվեն Հանրապետության նախագահին:
Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովը բարձրացրել է նաև այն հարցը, որ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO — International Civil Aviation Organization) պահանջներին և Հայաստանի ազգային ավիացիոն միավորման հետ մեկտեղ մշակել է Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նախագիծ, որը ներկայացվել է նաև ՀՀ ազգային ժողով: