25/07/2016 11:28
Բանակցող անձնավորությունը ժողովրդին պետք է տեղեկացնի բանակցությունների ընթացքից. Ենիգոմշյանի պահանջը՝ նոր բանակցողից
ՊՊԾ գնդի ներսում արդեն 30 ժամից ավելի է` անջատվել է էլեկտրականությունը, չկա բժշկական ծառայություն, սնունդ, գիշերվանից սկսած` նաև հեռախոսակապ:
Խորենացի փողոցում լրագրողների հետ հանդիպմանը «Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ եթե այդ խնդիրները մինչև երեկո չլուծվեն, գնդի տարածքում հավաքված քաղաքացիների հետ միասին կորոշեն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, հակառակ դեպքում՝ նրանք կոչ են անում երկրի ամբողջ տարածքում ստեղծել քաղաքական անհնազանդության օջախներ:
«Վարչակազմը գնում է սրացման և սադրիչ քայլերի։ Երեկ նույնիսկ փորձ են արել մոտենալ տարածքին և պատ քանդել, բնակիչների կողմից հաստատված փաստ է։ Մթնոլորտի թեժացման նոր քայլ՝ տարածքի վրայով ռազմական ուղղաթիռ է թռել։ Դիպուկահարները նորից անցել են իրենց սև գործին»,- հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների համաձայնությամբ՝ բանակցություններն արդեն շարունակվելու են «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ:
«Մեր պահանջն է, որ բանակցող անձնավորությունը ժողովրդին տեղեկացնի բանակցությունների ընթացքից, ժողովրդի ներկայացուցիչներին, հանձինս նախաձեռնող խմբի, հնարավորություն տրվի կապի մեջ լինել տղաների հետ: Տղաների մեկուսացումը բանակցությունների ոգուն ոչ հարիր երևույթ է»,- ընդգծեց Ալեք Ենիգոմշյանը: