02/08/2016 14:03
Թեխասում ուսանողներին թույլատրել են զենք կրել
Ամերիկյան Թեխաս նահանգում 21 տարեկանից բարձր ուսանողներին թույլատրել են զենք կրել կամպուսներում և քոլեջների շենքերում: Այդուհանդերձ, նրանց առաջվա պես արգելվում է զենքով մտնել մարզադահլիճ ու քիմիական լաբորատորիաներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նման օրենքներ մյուս նահանգներում արդեն գործում են:
Այս որոշումը թեխասյան համալսարանական համայնքում հակասական արձագանքներ է առաջացրել՝ բազմաթիվ պաշտոնյաներ, դասախոսներ ու ուսանողներ համարում են, որ նահանգի ուսումնական հաստատությունների գրավչությունը կարող է նկատելիորեն նվազել այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
Նրանց կարծիքով՝ օրենքը ընդամենը կնպաստի բռնության աճին, իսկ լսարանում զենքով ուսանողը հենց միայն իր ներկայությամբ կարող է ճնշել համակուրսեցիների ինքնաարտահայտման ազատությունը:
Բայց նոր օրենքի կողմնակիցներն էլ համարում են, որ այն աջակցում է սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիական իրավունքներին ու վստահեցնում են, որ ուսումնական հաստատություններում զենք կրելու արգելքը դրանք ավելի խոցելի է դարձնում զինված չարագործների համար: