22/08/2016 14:58
Ինեսսա Պետրոսյանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Վերաքննիչի որոշումը
«Սասնա ծռեր» խմբի 4 անդամների փաստաբան Ինեսսա Պետրոսյանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեկան դատարանի որոշումները Վճռաբեկ դատարանում:
«Պատրաստվում եմ բողոքարկել Վճռաբեկ դատարանում ուրբաթ օրը Վերաքննիչ քննության ժամանակ հրապարակած որոշումը, որով մերժվեց իմ վերաքննիչ բողոքը կապված կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հետ: Մերժման հիմքում դրվում են այն պատճառաբանություննեը, որ իմ պաշտպանյալները մեղադրվում են ծանր արարքներ կատարելու մեջ և ազատության մեջ մնալով կարող են խոչընդոտել գործի քննությանը», - լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ մասնավորապես իր պաշտպանյալ Պավել Մանուկյանը չի կարող խոչընդոտել քննությանը՝ առողջական ծանր վիճակում գտնվելու պատճառով:
«Ուրբաթ օրն արված վիրահատությունից բացի, Պավել Մանուկյանը պետք է ենթարկվի մի շարք վիրահատությունների: Դեռ մոտ մեկ տարի նա կունենա ինքնուրույն քայլելու խնդիրներ, քանի որ ստացել է երկու ազդրերի բազմաբեկոր վնասվածքներ»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը: