17/09/2016 13:57
Իրանական երկաթուղային ծրագիրը կխթանի տարածաշրջանի ընդհանուր զարգացումը. Հարցազրույց Վարդան Բոստանջյանի հետ
Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ահունդին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստվում է զարգացնել Ռաշտից Զանջան և Թավրիզ բոլոր երկաթգծերը: «Այդ երկաթգիծը կմիավորի քաղաքները Թուրքիայում, Հայաստանում և Նախիջևանում», - ասել է Ա.Ահունդին:
Նման երկաթգծի տնտեսական հեռանկարների մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:
- Պարոն Բոստանջյան, իրանական կողմը հայտարարել է Թուրքիայում, Հայաստանում և Նախիջևանում քաղաքներն իրար կապող երկաթգծի մասին: Դուք հավանական համարու՞մ եք Իրանի այդ նախագիծը:
- Հուսալիության և բազմազանության առումով այդպիսի ուղու գոյությունը Իրանի համար չափազանց կարևոր է: Հայաստանի համար էլ պակաս կարևոր չէ: Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի հետ երկաթուղային կապ ունենալու հեռանկարը երբեմն-երբեմն մեզանում քիչ հավանական է դիտարկվում, իմ կարծիքով՝ Իրանը նման մտադրությունից ամենայն հավանականությամբ չի հրաժարվի:
- Որո՞նք են Հայաստանի համար այն առաջնային ձեռքբերումները, որոնք կտա երկաթգիծը:
- Երկաթգծի առկայությունը ենթադրում է տվյալ միջոցով ապրանքաշրջանառության ծավալների կտրուկ մեծացում, որն էլ իր հերթին բերում է նոր աշխատատեղերի ստեղծման, տրանզիտային մեծ հնարավորությունների: Մեր տնտեսության սուբյեկտների համար գործունեություն ծավալելու նոր հնարավորություններ են ստեղծվում: Ըստ էության՝ այս պահին Հայաստանի համար խոցելի կողմը մնում է այն, որ երկու կողմից շրջափակված լինելով հանդերձ, մենք ունենք հյուսիսից դեպի հարավ մայրուղին, որը դեռևս չվերականգնված կամ չգործող վիճակում է: Սա ընդգծված ձևով կաշկանդում է տնտեսական շրջանառությունը:
- Պարոն Բոստանջյան, իսկ ի՞նչ կտա Թուրքիային երկաթուղու կառուցումը, նա ևս շահում է այս իրավիճակում:
- Թող շահի: Չի լինում նման բան, որ մեկը շահի, մեկը՝ ոչ: Տարածաշրջանի ընդհանուր զարգացման համար սա շատ կարևոր է: Այլ բան է, որ մենք քաղաքական խնդիրների կտրվածքով երբեմն տարածաշրջանում ուզում ենք հակասական երևույթներ ստեղծել կամ տեսնել: Երբ, օրինակ, ասում ենք, որ Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը Հայաստանի համար շատ կարևոր կլինի, այդտեղ արդեն Ցեղասպանության և նման այլ խնդիրներ կան, ինչպես օրինակ, ԼՂ չլուծված հիմնախնդիրը: Սրանք քաղաքական բնույթի խնդիրներ են, որոնց զոհ են գնում տնտեսական խնդիրներին, իսկ տնտեսական զարգացման առումով ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ թող Թուրքիային էլ դա խթանի, որպեսզի զարգացման ավելի բարձր մակարդակ լինի: Դրանից մենք միայն կարող ենք օգտվել:
- Առաջիկայում նախատեսվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան: Ի՞նչ եք կարծում այդ հանդիպմանը կքննարկվի՞ երկաթգծի կառուցման հեռանկարը և արդյոք դրա իրագործումը երկար չի սպասեցնի:
- Այդ հանդիպման ժամանակ, անշուշտ, այս հարցը կքննարկվի: Իրանը հարուստ, խոշոր և կայուն երկիր է: Միևնույն ժամանակ բազմաթիվ առումներով, հատկապես անվտանգության առումով Իրանը կցանկանա Հայաստանի նման երկիր ունենալ հյուսիսում, որն անվտանգության վահանի նման մի բան կդառնա Իրանի համար: Ուստի բնական եմ համարում, որ Իրանի նախագահի Հայաստան այցելելության պայմաններում պարտադիր քննարկվելու են այս հարցերը: