23/09/2016 13:28
Հայկական հակաօդային պաշտպանություն համակարգը Ադրբեջանի ծախսերն անիմաստ է դարձնում. Վաղարշակ Հարությունյան
Նորագույն Հայաստանի պատմության ընթացքում Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը ամենահզորն ու ամենաներկայանալին է եղել ոչ միայն ցուցադրված զինատեսակների, այլ դրանց հզորության տեսանկյունից: Սա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի գնահատականն է Անկախության 25-ամյակին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի վերաբերյալ:
«Վերջին 6-7 տարիների ընթացքում հայկական բանակի մարտունակությունը բարձրացել է մի քանի անգամ: Մենք ունենք տարածաշրջանում ամենալավագույն հակաօդային պաշտպանությունը, ինչն Ադրբեջանի ծախսերը դարձնում է անիմաստ՝ դեպի իրենց ռազմաօդային ուժերի զարգացումը», - ասաց Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով, ապրիլյան մարտական գործողությունները դա ի ցույց դրեցին:
«Այս զորահանդեսում ցուցադրվեց նոր համակարգ, որը C-300-ից մի մակարդակ ցածր է, բայց արդյունավետ է զորքերի հակաօդային պաշտպանության ապահովման տեսանկյունից: Դա ԲՈՒԿ Մ2 հակաօդային պաշտպանության համակարգն է», - նշեց պաշտպանության նախկին նախարարը: