28/09/2016 11:11
Իրանի, Հայաստանի, Թուրքիայի և Նախիջևանի երկաթգծերի միավորման գաղափարը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործընթացներով. ՀՀ ՏԿՆ
Հայաստանի հարավային երկաթուղու՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրի իրականացման գործընթացում շարունակվում է համագործակցությունը կոնցեսիոներ՝ «ՌԱՍԻԱ ՖԶԵ» ընկերության հետ, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից:
Մասնավորապես, «ՌԱՍԻԱ ՖԶԵ» ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ծրագրի ֆինանսական հոսքերն ապահովելու ուղղությամբ:
Ավելի վաղ Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ահունդին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստվում է զարգացնել Ռաշտից Զանջան և Թավրիզ բոլոր երկաթգծերը, որոնք պետք է միավորեն քաղաքները Թուրքիայում, Հայաստանում և Նախիջևանում:
Մեկնաբանելով այդ հայտարարությունը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից նշեցին, որ Իրանը նախատեսում է իրականացնել իր երկաթուղային ցանցի ընդլայնման և զարգացման մեծածավալ հեռանկարային ծրագրեր:
«Այդ համատեքստում իր ուրույն տեղն ունի հայ-իրանական երկաթուղային հաղորդակցության կազմակերպման խնդիրը: Միաժամանակ ակնհայտ է, որ հարևան երկրների երկաթուղային ցանցերի միավորման գաղափարը (ինչը, անկասկած, կծառայի բոլոր մասնակից-պետությունների առաջընթացին և զարգացմանը) հիմնականում պայմանավորված է տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներով: Նշված ծրագրի իրականացումը հետաքրքրություն է ներկայացնում նաև մի շարք այլ պետությունների համար», - ասացին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից: