29/09/2016 18:24
Առնվազն մեկ-երկու նախարարություն կա, որոնց գործառայութները բացարձակ անիմաստ են. Զոհրաբյանը դժգոհ է կառավարության կառուցվածքային փոփոխություններից
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գոհ չէ կառավարության կառուցվածքային փոփոխություններից: Վերջինիս կարծիքով՝ կան մի շարք նախարարություններ, որոնց գոյությունն արդարացված չէ:
«Առնվազն մեկ-երկու նախարարություն կա, որոնց գործառայութները բացարձակ անիմաստ են: Չգիտեմ, թե որքանով էր օպտիմալ քաղաքաշինության նախարարությունը դարձնել կոմիտե: Այս կառավարությունը կրկին ձևեցին անձերի վրա՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից», - Aysor.am-ի թղթկացի հետ զրույցում ասաց Ն.Զոհրաբյանը:
Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի՝ բնապահպանության նախարար նշանակվելուն, Ն.Զոհրաբյանը նշեց, որ կառուցվածքային փոփոխությունները պետք է անել ելնելով պրոֆեսիոնալիզմից, այլ ոչ թե պայմանավորվածությունից:
«Եթե մի նախարարի ասում են, որ բիզնես մտածողություն չունի և տանում են մեկ այլ ոլորտ, որի համապատասխան մտածողություն, չգիտեմ, նախարարն ունի, թե ոչ, արդեն հասկանում ես, որ փոփոխությունների մոտիվացիան ոչ թե պրոֆեսիոնալիզմն ու օպտիմալ կառավարումն է եղել, այլ քաղաքական պայմանավորվածությունը Դաշնակցության հետ: Իրենք այդպես էլ ասացին, որ Դաշնակցության հետ քանակ են պայմանավորվել, բայց քանակով երկիր չեն կառավարում: Դրա համար ԲՀԿ կուսակցական պատգամավորները չմասնակցեցին այդ քվեարկությանը», - ընդգծեց Ն.Զոհրաբյանը:
Հարցին, թե ո՞ր նախարարություններն է ավելորդ համարում՝ Ն.Զոհրաբյանն ասաց, որ չի ցանկանում պատասխանել և իրեն կառավարության կառուցվածքն այլևս չի հետաքրքրում:
«Կառավարության ձևն ինձ բացարձակ չի հետաքրքրում: Նախորդ կառավարության ժամանակ ասացին, որ խոսքը օպտիմալացմանը և արդյունավետ կառավարմանը չի վերաբերում: Դա ընդամենը քաղաքական նպատակահարմարության հարց է: Նախորդի ժամանակ նախորդ անձերի վրա ձևեցին, հիմա էլ ձևում են նորերի վրա, դրա համար ես ասացի, որ քաղաքական նպատակահարմարության հերթական շտոպկային և կարուձևին մենք չենք մասնակցում», - ասաց Ն.Զոհրաբյանը:
Այսօր ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: