20/10/2016 12:44
Լևոն Տեր-Պետրոսյանի երկու առաջարկություններն էլ ըստ էության ներառված են կառավարության ծրագրում. Դավիթ Հարությունյան
ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երկու առաջարկություններն էլ, ըստ էության, ներառված են կառավարության նոր ծրագրում, այսօր լրագրողներին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, կառավարությունը պատրաստ է քննարկել Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացրած կետերը, մինչդեռ ապօրինի հարստացման մասին կառավարության ծրագրում էլ է խոսվում։
«Արտաբյուջետային շատ միջոցներ նախատեսված են գործող վարկային պայմանագրերով, մյուս մասն էլ համարվում են բյուջեի մաս և եթե դրանք թափանցիկ են, ապա մեծ խնդիր այստեղ չեմ տեսնում», - ասաց նա։
Անդրադառնալով կոռուպցիայի բացառմանը՝ Դ.Հարությունյանը նշեց, որ այստեղ պետք է համակարգային մի շարք խնդիրներ լուծվեն։
«Եթե ծանոթանանք կառավարության ծրագրի կոռուպցիայի դեմ պայքարի բաժնին, ապա կտեսնեք, որ միակ խնդիրը ապօրինի հարստացման դեմ պայքարը չէ, ինքնին այդ գործիքը բավարար չէ։ Դրամահոսքի շրջանառությունը սահմանափակելն, օրինակ, ևս կոռուպցիայի բացառման կարևրագույն գործիքներից մեկն է այն մի շարք գործիքների հետ, որոնք թվարկված են կառավարության ծրագրում։ Միևնույն ժամանակ կան նաև շատ այլ գործիքներ, որոնք թվարկված չեն, բայց դրանց վրա մենք աշխատում ենք», - ասաց նա։