21/10/2016 11:05
Այս կառավարությունը կարևոր ու հանդգնության հասնող համարձակ քայլեր է առաջարկում. Արտակ Դավթյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի՝ կառավարության ծրագրում ներառելու համար առաջարկվող երկու կետերից այնպիսի տպավորություն է ստացել, որ վերջինս ծանոթ չէ կառավարության ծրագրի նախագծին, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարն ու նախարարությունների արտաբյուջետային հաշիվներների ու հիմնադրամների վերացումը ներառված են կառավարության ծրագրում և դրանց կյանքի կոչման համար նաև հստակ քայլեր են նշված:
«Պրիմիտիվ գողության մասին վարչապետի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա ոչ միայն լուրջ տրամադրված է խնդրի լուծմանը, այլև լակոնիկ ու գործնական քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Իսկ օպտիմալացումն ու ծախսերի կրճատումն ուղղված են լուծելու արտաբյուջեին վերաբերող հարցերը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ Դավթյանը:
Վերջինս ընդգծեց, որ ինքը բարձր է գնահատում այս հարցում առաջին նախագահի ցուցաբերած ակտիվությունը: «Լևոն Տեր Պետրոսյանը մեր ամենաինտելեկտուալ և կիրթ քաղաքացիներից մեկն է և լավ է, որ արտահայտում է իր տեսակետը: Առհասարակ, ինձ ուրախացնում է, երբ նախկին նախագահների կողմից ակտիվություն կա: Դա նշանակում է, որ նրանք մտահոգ են», - ընդգծեց նա:
Անդրադառնալով կառավարության նոր ծրագրին՝ Արտակ Դավթյանը նկատեց, որ այս կառավարությունը կարևոր ու հանդգնության հասնող համարձակ քայլեր է առաջարկում, որոնք պիտի ջարդուփշուր անեն մեզանում ձևավորված կարծրատիպերը: Նրա դիտարկմամբ՝ կառավարության ծրագիրը թիրախավորված է և ճկուն՝ ժամկետների մեջ: Խոսելով կառավարության նոր ծրագրից ունեցած սպասումներից՝ Ա. Դավթյանը նշեց.
«Սպասումներն ավելի շատ կապված են ընդհանուր մթնոլորտի փոփոխության հետ. պիտի մեզ սովորեցնել կառավարել: Նոր կառավարությունը սա էլ փորձելու է անել: Լավ խոսք կա՝ ասում են՝ կառավարությունը պետության ուղեղն է, իսկ օրենսդիր մարմինը՝ պետության սիրտը: Սրտի ցանկություններն ավելի մեծ են, մենք էլ մեր անելինքներն ունենք: Պիտի փորձել հնարավորինս ներդաշնակեցնել ցանկություններն ու հնարավորությունները»: