26/10/2016 14:38
Ունենք քաղաքական կամք բարեփոխումների իրականացման համար. Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 26-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկին, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Հյուրը հետաքրքրված էր քաղաքական առաջիկա զարգացումներով, մասնավորապես մեր երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններով, նոր ձևավորված կառավարության գործունեությամբ եւ առաջիկա քայլերով:
Էդուարդ Շարմազանովը մանրամասն ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո ստեղծված իրավիճակը` նշելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր իրադարձություն են լինելու մեր երկրի հասարակական և քաղաքական կյանքում:
Խոսելով կառավարության գործունեության մասին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՀՀ իշխանությունը պաշտպանում է նոր կառավարության` բարեփոխումներին միտված ռազմավարությունը, որը բխում է ՀՀ Նախագահի ծրագրային հիմնադրույթներից:
«ՀՀ կառավարության գերակայություններից է նաև կոռուպցիայի դեմ պայքարը: Ավելին` մաքսային և հարկային ոլորտներում նախատեսվող լրջագույն քայլերը միտված են լինելու այդ խնդրի հաղթահարմանը: Մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումների շարունակական իրականացման համար»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Օլեքսանդր Պավլյուկը նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը շահագրգիռ է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությամբ և առաջիկայում կքննարկվեն փոխգործակցության հեռանկարները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս: