28/11/2016 15:05
Տնօրենն «աֆիցեռներին» ասում ա` «ռադ եղե'ք», բանակի սպայի հետ ո՞վ իրավունք ունի տենց խոսա. «Փոքր Մհեր» կրթահամալիրում պահանջում են տնօրենի հրաժարականը
«Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում ստեղծված լարված իրավիճակն անակնկալ է կրթահամալիրի ղեկավարության համար, Aysor.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի մամուլի քարտուղար Մարիամ Մարտիրոսյանը.
«Իրավիճակը մեզ համար էլ էր անակնկալ: Նախկինում նման դեպքեր չէին եղել: Կարող եմ ասել, որ կրթահամալիրում հիմա ամեն բան հանգիստ է: Իսկ միջադեպի հետ կապված՝ մենք կամ հայտարարությամբ հանդես կգանք կամ կհրավիրենք մամուլի ասուլիս»,- ասաց Մարիամ Մարտիրոսյանը:
Ավելի վաղ shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ կրթահամալիրի սաներն այսօր առավոտից բողոքի ցույց են սկսել, որով պահանջում են նորանշանակ տնօրեն Վահագն Յաղմուրյանի հրաժարականը:
Ըստ սաների` տնօրենն իրենց անվանում է «անասուններ», «հորթեր», «դիշովկաներ» և նույն վերաբերմունքն ունի նաև կրթահամալիրում դասավանդող սպայակազմի նկատմամբ.
«Աֆիցերներին ասում ա` մի բան դուրդ չի գալիս, վեշերդ հավաքի, ռադ եղի: Ո՞վ իրավունք ունի բանակի սպայի հետ տենց խոսա», - shamshyan.com-ի հետ զրույցում ասել էր «Փոքր Մհերի» սաներից մեկն` ավելացնելով, որ իրենց ցույցի մասին տեղեկանալուց հետո, տնօրենը ծնողներին հրավիրել է կրթահամալիր: