01/12/2016 15:05
Փտած համակարգի հետ մենք ոչ մի հեռանկար չենք տեսնում. ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը պատրաստվում է 2017 թ. ընտրություններին
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահի լիազորությունները՝ անհրաժեշտ համարելով կենտրոնացնել ջանքերը գալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար: Aysor.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց, թե ինչպես են մասնակցելու 2017 թվականի ընտրություններին:
- Ի՞նչ ձևաչափով եք որոշել մասնակցել ընտրություններին:
- Ձևաչափի մասին հիմա դեռ վաղ է խոսել, որովհետև բանակցություններ են ընթանում: Ժամանակ դեռ կա, այդ մասին մենք կհայտարարենք: Այն, որ դաշինքով ենք գնալու, դա միանաշանակ է, հետո արդեն մանրամասների մասին հանրությանը տեղյակ կպահենք:
- Այսինքն, դեռ հստակ չէ, թե որ ուժի հետ է լինելու դաշինքը:
- Դեռ բանակցություններ են, բացի այդ, կա կուսակցության կենտրոնական խորհուրդ, որը պետք է անպայման այդ հարցը քննարկի, որոշում կայացնողն ու իրականացնողը միայն ես չեմ: Դա ամբողջ կուսակցության որոշման խնդիրն է: Առաջիկայում ամեն ինչ կասենք, որևէ գաղտնիք չի լինի:
- Ո՞ր դաշտում եք լինելու, ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական:
- Միանշանակ ընդդիմադիր, ես ե՞րբ եմ իշխանական դաշտում եղել: Մի անգամ է եղել, որ մենք եղել ենք իշխանական դաշտում, այն էլ շատ կարճ ժամանակով:
- Համախմբան կոչերով, դաշինքներ կազմելու հայտարարություններով շատերն են հանդես գալիս: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հաջողություն կունենա ընդդիմությունը 2017 թվականին:
- Մենք կհամախմբվենք, և կարծում եմ, որ այդ համախմբումը ձեզ կբավարարի: Քաղաքական ուժերը, որոնք կշիռ ունեն և ուզում են անպայման լուրջ մրցակցություն ապահովել, կհամախմբվեն:
- Պարոն Սարգսյան, Ձեզ համար ո՞ր քաղաքական միավորման գաղափարախոսությունն է հարազատ:
- Մեզ համար ամենագլխավոր հարցն այն է, թե ով է մեզ հետ համաձայն այս համակարգը փոխելու, որովհետև այս համակարգով Հայաստանն առաջընթաց ունենալու ոչ մի հնարավորություն չունի: Այնպես որ, հիմա ինչ արվում է, ընդամենը փոքր կարկատաններ են, որոնք դրվում են, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իբր ինչ-որ գործ է արվում: Այս համակարգի հետ մենք ոչ մի հեռանկար չենք տեսնում: 25 տարի է, մենք ասում ենք՝ այս համակարգը փտած է, սրանով դուք ոչնչի չեք հասնի:
- Այս համակարգի գործողություններին այլընտրանքային ծրագիր ունե՞ք:
- Անպայման, համագումարը կլինի, կներկայացնենք:
- Երբ է լինելու համագումարը:
- Հունվարին: Դրա մասին մենք պաշտոնական հաղորդագրություն կտարածենք:
- Այս տարիների փորձը ցույց է տալիս, որ դաշինքները կարճ կյանք են ունենում. թեկուզ հենց խորհրդարանական ներկայիս խմբակցությունները: Կա՞ այդպիսի քաղաքական միավոր, որի հետ Դուք երկարաժամկետ համագործակցություն կարող եք ունենալ:
- Այո, բոլոր նրանք, ովքեր կհամաձայնեն համակարգ փոխել, դա կնշանակի, որ երկարատև գործունեություն ենք ուզում ծավալել, որովհետև համակարգ փոխելը մեկ օրվա, մեկ ժամվա գործ չէ: